Դեռ գերակայում է նապոելոնիզմը

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ

Խորհրդարանական  ընտրություններից հետո արտախորհրդարանական մի քանի ուժեր հայտարարեցին ակտիվ գործունեություն ծավալելու մասին: Այսօր այդ կոչերին միացավ նաև «Ժառանգության» առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը:
 
- Կարծում եմ, որ հիմա արդեն պետք է գնա ժողովրդական ընդդիմադիր հատվածի, իմ կարծիքով՝ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը ներկայացնող հատվածի նորարար վերամեկնարկը, որը պետք է ներառի, թե՛ խորհրդարանում հայտնված, թե՛ խոհրդարանից դուրս գտնվող ընդդիմադիրներին,- ասել է կուսակցության ղեկավարը:
 
Թվում է, թե արտախորհրդարանական մյուս ուժերը պետք է անմիջապես արձագանքեին և դրական վերաբերվեին այս ամենին: Բայց, ինչպես երևում է՝ անդառնալի պառակտումի որոմը խեղդել է իրենց ընդդիմադիր հռչակողների առողջ դատողությունը: 
 
ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն, օրինակ, թեթևսոլիկություն է համարել Րաֆֆիի առաջարկը: Ըստ նրա՝ բոլորի նպատակը պետք է լինի Սահմանադրության վերականգնումը, իսկ նրանք, ովքեր շեղվում են օրակարգից, սրիկա են։ Պարույր Հայրիկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրել է ցուցամոլության և մեծ դաշինքի չկայացման համար: 
 
Մեկ այլ կուսակցության ղեկավար՝ Պետրոս Մակեյանը, թեև  նման գնահատականներ չի հնչեցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, բայց կարծես թե նա էլ հակված չէ  «Ժառանգության» առաջնորդին միասնության առանցքում տեսնել: 
 
Րաֆֆի Հովհաննիսյանին այսպես պատասխանելու հիմքեր երևի ունեն քաղաքական ուժերը: Զարմանալի է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ՕՐՕ դաշինքի պարտության հիմնական պատճառը համարում է «Ժառանգությունը»՝ ի դեմս իրեն: Նրա խոսքով՝ իշխանությունը թիրախավորել էր այդ դաշինքը, քանի որ ինքն ՕՐՕ-ում էր:  
 
 «Ժառանգության» ղեկավարին կկամենայինք հիշեցնել, որ նույն տրամաբանությամբ՝ 2013 թ. նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու ևս նա թիրախավորված էր իշխանության կողմից, բայց  դա չխանգարեց՝ ստանալու 500.000 ընտրողների քվեն: Այլ հարց է, թե ինչու այդ 500.000-անոց ընտրազանգվածը 2013-ի Երևանի ավագանու ընտրություններում արդեն չկար: 5 տարվա ընթացքում կուսակցությունը հզորանալու փոխարեն սկսեց քայքայվել: Ցավալի է, բայց «Ժառանգությունից» այսօր  ժառանգություն է մնացել միայն դրա անունն  ու Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ կուսակցության հայտնի անդամները լքեցին այն: ԵՎ ո՛չ այն պատճառով, որ սկզբունքային չէին, կամ՝ կուսակցության նվիրյալները չէին:
 
Ամեն դեպքում՝ քաղաքական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միասնական հանդես գալու առաջարկը  լավ է, բայց անգամ այս ընտրություններից  հետո ընդդիմադիրների շրջանում դեռ գերակայում է նապոլեոնիզմը: Ամեն մի քաղաքական ուժ իր  շուրջ է ցանկանում միավորում տեսնել՝ տարբեր խնդիրների գերակայությունը մեջտեղ բերելով:
 
Սակայն մի պարզ բան քաղաքական գործիչները մոռանում են: Միասին լինելու դեպքում էլ յուրաքանչյուրը կարող է իրեն մտահոգող հարցերն առաջ քաշել և այն դարձնել միասնական օրակարգի մաս: Անգամ Պարույր Հայրիկյանի՝ Սահմանադրությունը փոխելու  առաջարկը կարող է քաղաքական ուժերի միավորված կաթսայում «եփվել»: