Սերժ Սարգսյանի թիմակիցների «խիստ ակտիվացումը» պայմանավորված է ռուսական կողմից Ռոբետ Քոչարյանին տրվող նախապատվությամբ. քաղտեխնոլոգ

Հարցին, թե սա ընտրություններից առաջ արդյո՞ք նվեր չէ գործող իշխանության համար՝ Բադալյանն ընդգծեց, որ ընտրություններին չի մասնակցում ընդդիմությունը կամ իշխանությունը, ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժեր, անկախ նրանից՝ դրանք ընդդիմադիր են, թե չէ։
- Եթե դու իշխանություն ես՝ լրացուցիչ ընտրազանգված կա, որը քեզ ձայն է տալու, բայց երբ ընդդիմություն ես, դա քեզ լրացուցիչ ձայն չի բերում, առավելություն չի տալիս։ Այսինքն, դրա համար շատ ձայն չեն ստանում։
Միաժամանակ, պետք է նշել, որ ընդդիմությունը չի պառակտվում, ուղղակի հստակեցում է գնում, տարանջատում է կատարվում։
Ընդդիմադիր թևերը միշտ էլ աշխատել են մեկը մյուսի դեմ։ Երկրորդ նախագահը միշտ էլ աշխատել է երրորդ նախագահի դեմ․ սա նորություն չէ, ու սրանից չի կախված՝ իշխանությունը կուժեղանա՞, թե՞ կթուլանա։ Իշխանությունն արդեն թույլ է, որովհետև չունի արտաքին աջակցություն, ավելի ստույգ՝ Արևմուտքի աջակցությունը։
Անդրադառնալով ռուսական գործոնի ազդեցությանը՝ Բադալյանն ընդգծել է, որ ռուս- ամերիկյան հարաբերություններն սկսում են բարելավման նշաններ ցույց տալ, իսկ ԱՄՆ-ին այլևս Հարավային Կովկասը չի հետաքրքրում, դա նշանակում է որ Հարավային Կովկասը անցնում է Ռուսաստանի ազդեցության ներքո։
- Սա նշանակում է, որ այստեղ որոշ ուժեր պետք է տարանջատվեն իշխող քաղաքական ուժից, և այն ուժերից, որոնք նպաստել են ստեղծված քաղաքական համակարգին, այս դեպքում՝ երկրորդ նախագահի կողմնակիցների կարծիքով, խոսքը վերաբերում է երրորդ նախագահի ուժին։ Եվ դրա համար էլ այս գործընթացը տեղի է ունենում։
Դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ ՌԴ-ի կողմից նախապատվություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի՞ն՝ նա պատասխանել է, որ ակնհայտորեն Ռուսաստանի փորձագիտական շրջանակների կողմից նախապատվություն է տրվում Քոչարյանին։
- Ինչ նախապատվություն ունի ՌԴ իշխանությունը այս պահի դրությամբ՝ չեմ կարող ասել, բայց փորձագիտական շրջանակների կողմից, այո, երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը դրական է, իսկ երրորդի նկատմամբ բացասական է։ Սրանով էլ պայմանավորված է Սերժ Սարգսյանի թիմակիցների որոշակի քաղաքական «խիստ ակտիվացումը»։
Աղբյուր՝ Փաստինֆո