Ասուլիսը բազում ուղերձներ ուներ

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Մհեր ՀԱԿՈԲՅԱՆ

Ռազմական պատմաբան, իրավագետ, հասարակական գործիչ Մհեր Հակոբյանի անդրադարձը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսին։
 
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ԲԱԶՈՒՄ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՈՒՆԵՐ, որոնցից ամենաուշագրավն, ըստ իս, հետևյալն էր.
 
Արցախի հարցը ՓԱԿՎԱԾ ՉԷ, հայերի մի լայն խմբի համար այն փակված չէ և ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում է առիթի դեպքում բարձրացնել այդ հարցը: 
 
Այս առումով բնականաբար տեղին էր նաև ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ՝ այն ոչ մի պայմանով չպետք է ցրվի: Այստեղ, սակայն, մեկ այլ ուշագրավ դետալ ևս կա: Իրոք, Արցախում ցավոք հայեր չկան և, թվում է, թե 10.11.2020 թ-ի հայտարարությունը իմաստը կորցրել է, բայց…
 
…Մեր՝ հայերիս, տեսանկյունից վերևում գրվածը գուցե այդպես է, սակայն ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱՎԱՐՏՈՂ Ռուսաստանը, որը ուկրաինական ճակատում գործերն ԱՅՆՔԱՆ ԷԼ ԻՐ ՈՒԶԱԾ ՏԵՍՔՈՎ ՉԻ ՎԵՐՋԱՑՆՈՒՄ, դրանից հետո անխուսափելիորեն հիշելու է հարավի մասին և, ձգտելով գոնե այստեղ վերականգնել իր կորցրած դիրքերը, ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԲԱՔՎԻՑ: 
 
Մեզ համար չի այդ անելու, իր համար է անելու, սակայն… խելոք է այն ազգը, որն իր շահերը դնում է ավելի ուժեղի շահերի համատեքստում: Ըստ իս Մոսկվան դեռ հաշիվ է պահանջելու Բաքվից, իսկ դա մեզ… հնարավորություն է տալիս: Գուցե փոքր, գուցե ոչ վերջնական, ինչպես այսօր զգուշորեն արտահայտվեց պարոն Քոչարյանը, սակայն ստեղծվող իրավիճակը այդ հնարավորությունը մեզ ՏԱԼԻՍ Է, ընդ որում դա ավելի լավ է, քան այն ամենն, ինչ այս պահին առաջարկում են ՀՀ գործող իշխանությունները:
 
Մեկ ուշագրավ պահ էլ, սակայն, կա:
 
Իրոք, ըստ 10.11.2020 թ-ի հայտարարության, եթե մինչև 09.05.2025 թ-ը Ադրբեջանական Հանրապետությունը չպահանջի հեռացնել ՌԴ խաղաղապահներին Արցախի տարածքից՝ նրանք այնտեղ պետք է մնան ԱՆԺԱՄԿԵՏ: Հիմա ՌԴ խաղաղապահներ Արցախում չկան, սական Ալիևը պետք է, որ ակնհայտ երկընտրանք ունենա, քանզի 10.11.2020 թ-ի հայտարարությունը իրավաբանորեն կա, ավելին, Բաքուն ինքն է վերջինիս որոշ կետերի իրականացնում պահանջում Երևանից: Եվ հիմա Ալիևը ԿԱՄ պետք է հիմար վիճակի մեջ ընկնի և մինչև 09.05.2025 թվականը պահանջի խաղաղապահների հեռանալը, ԿԱՄ ԷԼ, խուսափելով դրանից, հետագայում հիմք ստեղծի այն բանի համար, որ, սկսած 10.05.2025 թ-ից պաշտոնական Մոսկվան ԲՈԼՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒՆԵՆԱ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽ: Իսկ խաղաղապահները ոչ միայն միայնակ չեն վերադառնա, այլև, որպեսզի հիմնավորվի նրանց տրամաբանական ներկայության իմաստը տեղում, անհրաժեշտ կլինի Արցախում ունենալ հայկական բնակչություն…
 
… Ըստ իս Բաքու-Մոսկվա հարաբերությունների սրման հիմքում ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ՝ Ալիևը բնականաբար խորապես թքած ունի ինքնաթիռի կործանման արդյունքում զոհված մարդկանց վրա: Կարծում եմ, որ Ռուսաստանի Բաքվի հարաբերությունները սրվում են Ռուս-Ուկրաինական պատերազմի ավարտի ֆոնին, երբ Մոսկվան շուտով անխուսափելիորեն պետք է ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԵՋՏԵՂ ԲԵՐԻ Արցախի հարցով, իսկ Ալիևն էլ, տեսնելով այդ, մի կողմից փորձում է իր համար ալիբի ապահովել, թե, տեսեք-տեսեք, Մոսկվան ինձ վրա հոխորտում է ինքնաթիռի պաատճառով, մյուս կողմից էլ վերջինս ձգտում է պատկեր ստեղծել, թե խնդիրը Արցախը չէ, ուղղակի Պուտինի մոտ կայսերական մղումներ են…
 
Սպասենք և հուսանք - Արցախն իմ ՑԱՎՈՏ, ՉՍՊԻԱՑՈՂ վերքն է: