Էրդողանին թող ուղարկեն Երևան

ԵՄ-Ի ԿՈՇՏՈՒԿԸ ՏՐՈՐԵԼ ԵՆ

 
Պարզվում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով ԵՄ-ը «դարձի» է եկել: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին այսօր  խոսել է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին՝ կողմերին կոչ անելով այդ գործընթացում ներգրավվել առանց նախապայմանների: 
 
Հիմա բա ո՞նց չասենք նրան՝ այդչափ միամիտ չենք, որ հավատանք քեզ, մեր տառապանքը փորձ ունի, տիկին Մոգերինի: Լավ հասկանում ենք, որ  այս ակնարկը պայմանավորված է ԵՄ-Թուրքիա  վատ հարաբերություններով, որոնց հիմքը դրեց միջազգային հզորների թողտվություներից երես առած Էրդողանը՝ մերժելով եվրոպական արժեքներով երկիր  կառուցելու եվրոպացիների առաջարկը: Մի խոսքով՝ դուռը շրխկացրեց  Եվրոպայի երեսին ու մի լավ տրորեց նրա կոշտուկը: 
 
Էրդողանի սանձարձակությունը հասել է այնտեղ, որ նրա հետևորդները եվրոպական մի շարք երկրներում անկարգություններ են հրահրում: Իսկ իրենց սիրելի առաջնորդն ԱՄՆ քաղաքացիների վրա հարձակվող ծեծող ջոկատ է տանում Վաշինգտոն: Այս ամենին չի կարող անտարբեր նայել Արևմուտքը, որը պահ բաց չի թողնի հակահարված տալու համար: Եվրատիկինը քաջ գիտե, որ  նախապայմանների մասին միշտ խոսել է Թուրքիան՝ մեջտեղ բերելով Արցախի խնդիրը՝ որպես հարաբերությունների կարգավորման առանցքային դրույթ:  Հայաստանը մշտապես  հակադարձել է՝ Անկարայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց արցախյան խնդրի, որը հայ-ադրբեջանական  օրակարգում է:
 
Չնայած այս ամենին՝ Հայաստանը սկսեց ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիայի հետ ստորագրեց հայ հանրության կողմից մերժելի հայ-թուրքական արձանագրությունները: Կարճ ժամանակ անց՝ աստիճանաբար ամեն ինչ հօդս ցնդեց: Էրդողանի մերժողականության պատճառով հայ-թուրքական արձանագրությունները  փոշեպատվեցին, իսկ հայկական կողմը դրանք գրողի ծոցն ուղարկեց: Ու հիմա անհասկանալի է  տիկին Ֆեդերիկան ինչպե՞ս է տեսնում Անկարա-Երևան բանակցությունների վերսկսումը: Նա պատրա՞ստ է, օրինակ, Էրդողանին Երևան բերել՝ բանակցությունները վերսկսելու խնդրագիրը ձեռքին, օրեցօր խորացող հակահայկականությունն ու ատելությունը մոռացած և իր նախնիների կատարած նախճիրի համար մեղանչելով: