Տարածաշրջանում «երրորդ երկրների» ներկայության մասին
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ «Գեոպոլիտիկա»
Երբ Ռուսաստանն ու Իրանը հայտարարում են, որ դեմ են Հարավային Կովկասում «երրորդ երկրների» ներկայությանը, գլխավոր հարցը, որը առաջանում է, հետևյալն է․ արդյո՞ք նրանք «երրորդ երկիր» են համարում նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, և սա առանցքային հարց է, որը Հայաստանը պետք է ճշգրտի թե՜ Մոսկվայի, թե՜ Թեհրանի հետ։
Նրանք Թուրքիային համարեն «երրորդ երկիր», թե ոչ, կա փաստ, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիան, օգտագործելով ՆԱՏՕ-ի ռազմական ու հետախուզական ներուժը, մարտական խնդիր է կատարել Հարավային Կովկասում, ինչի մասին հայտարարել են թե՜ նախագահ Էրդողանը, թե՜ այժմ ԱԳ նախարար, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը ու այդ ամենին Ռուսաստանն ու Իրանը պարզապես լուռ հետևել են։ Եթե մենք խնդիրը դիտարկում ենք ռազմական դաշինքների ու նրանց երկարաժամկետ խնդիրների համատեքստում, ապա միանշանակ է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում չի գործել ինքնուրույն, այլ դա արել է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող քաղաքականության համատեքստում։
Ստացվում է, որ Մոսկվան և Թեհրանը դեմ են մի բանի, որը արդեն կա, և այժմ նրանց կողմից «տարածաշրջանում երրորդ երկրների ներկայության դեմ» հայտարարությունները ընկալելի չեն, եթե չասենք՝ անլուրջ են, որովհետև եթե «մրցակից» ռազմական դաշինքի մեկ անդամ՝ Թուրքիան, արդեն ընդհուպ մարտական խնդիր է կատարում տվյալ տարածաշրջանում, ապա ինչու՞ տվյալ տարածաշրջանին առնչվող հարցերին չի կարող միջամտել նույն դաշինքի մեկ այլ, իսկ տվյալ դեպքում՝ գլխավոր անդամը՝ ԱՄՆ-ը։ Եթե պատճառաբանությունը այն է, որ Էրդողանն ու Պուտինը ջերմ հարաբերություններ ունեն, ապա կներեք, բայց դա նրանց անձնական խնդիրն է ու քաղաքական բովանդակություն չունի։
Ռուսաստանն ու Իրանը պետք է հստակեցնեն, թե ի՞նչ ասել է՝ «երրորդ երկիր»։ Եթե Թուրքիան «երրորդ երկիր» չէ, ապա ԱՄՆ-ը ևս «երրորդ երկիր» չի կարող համարվել։ Հայաստանի համար չեն կարող ընդունելի և ընկալելի լինել քաղաքական բովանդակությունից զուրկ, բացառապես երկու սուլթանի քմահաճույքներից բխող հայտարարությունները։
Հ․Գ․ Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված բոլոր «կարմիր գծերը» վաղուց արդեն խախտվել են ՆԱՏՕ-ի կողմից, իսկ խոստացված «հուժկու» պատասխանները չկան ու չկան։ Սա զուտ նրա մասին, թե մենք որքանով կարող ենք լուրջ ընդունել ու հավատալ ռազմավարական դաշնակցի հայտարարություններին։