Ամենաքիչ ունեցածդ էլ չունեցածից շատ է
Առվակների ու գետերի բախում է լինելո՞ւ

Պայքարի իմիտացիա են ստեղծո՞ւմ, թե իրոք գետերի ու առվակների կռիվ է սկսվելու: Խոսքը Արտաշատում քաղաքապետի աթոռի համարպայքարի մասին է, որը ձնագնդի նման թափ է հավաքում: Քաղաքապետի աթոռի պայքարի մասին օրեր առաջ հայտարարեց ՀՀԿ երբեմնի փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը:
Ընտրությունը հոկտեմբերին է կայանալու, բայց արդեն կրքեր են բորբոքվել:
Ըստ տեղեկությունների՝ այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդի Գագիկ Պողոսյանն է: Դեռ պարզ չէ, թե ՀՀԿ-ն ում կառաջադրի որպես թեկնածու, բայց մեզ հասած տեղեկություններով՝ իշխող ՀՀԿ-ն ևս փորձում է Արտաշատում իր ներկայացուցչին հաստատել՝ քաղաքը դուրս բերելով Աբրահամյանների տիրույթից:
Սակայն կարծես թե անգամ այս հանգամանքը չի հուսահատեցնում ՀՀԿ նախկին փոխնախագահ, էքս վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս թեև առաջին դեմքով քաղաքական գործընթացներին չի մասնակցում, բայց իշխանությանը հասկացնում է, որ առվակն էլ կարող է գործոն լինել:
«Ծառուկյան» դաշինքը ևս չի հայտարարել Գագիկ Պողոսյանին սատարելու, կամ այլ թեկնածու առաջադրելու մասին, բայց, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը գուցե փորձի չեզոք դիրք գրավել և հրապարակավ չաջակցել ոչ մի թեկնածուի:
Հովիկ Աբրահամյանը թեև այսօր չունի նախկին ազդեցությունն ու լծակներ, բայց մտադիր էլ չէ Արտաշատում զիջել իր իշխանությունն ու ազդեցությունը: Նաև, հավանաբար, երիտասարդ թոշակառու չի ցանկանում լինել:
Հասկանալի չէ, սակայն, թե ինչու ինքն անձամբ չի առաջադրում իր թեկնածությունը: Արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի, եթե նա մասնակցեր քաղաքապետի ընտրություններին ու պայքարեր իր համար, այլ ոչ թե մեկի համար տանիք լիներ: Իհարկե, նախկինում վարած պաշտոններից հետո դժվար կլինի բավարարվել ավելի սահմանափակ լիազորություններ ունեցող աթոռին: Բայց ժողովուրդն ասում է՝ այն, ինչ ունես, չունեցածիցդ շատ է: