Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԲԱՔՎԻ ԲԱՆՏԻՑ ՀԱՅՏՆԵԼ Է ԿԻՐԱՌՎԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը, դատավարությունից առաջ, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է փոխանցել՝ խնդրելով այն հանրայնացնել:
 
Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է  մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:
 
Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում,  23-ը՝ պատժախցում:  Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին   ճշմարտությունը ձեզ  հասցնելու բոլոր այլ միջոցները:
 
Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
 
Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է  բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:
 
Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված,  ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:
 
Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
 
Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
 
Ես նորից եմ հայտարարում ու պնդում  իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:
 
Չնայած մեր անմեղությանը և  գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և  կսկսեն դատավարությունը:  Այս պարագայում  ես խնդրում և պահանջում եմ ձեզնից  աջակցել իմ հետևյալ պահանջներին՝
 
1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
 
2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները:  Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել,  քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
 
3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ:  Իմ՝ 422  հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են:  Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ  առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:
 
Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ  են խախտում:
 
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն  ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ,  կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
 
Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը  առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից  կամ դավանանքից:
 
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:
 
Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:
 
Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
 
Փաստինֆո-ն, հղում անելով BBC-ին, գրել է, որ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից․․․
 
Հրապարակման մեջ ասվում է․ 
 
Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 2024 թվականի ապրիլին հացադուլ է հայտարարել։ Որպես դրա պատիժ, ըստ նրա փաստաբանների, նրան տեղափոխել են պատժախուց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
- Պատժախցում լույսն օրական 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի ծանր պակասի և հյուծվածության, - ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ, ում վարձել է Վարդանյանի ընտանիքը (Ադրբեջանի իշխանությունները նրան երբեք թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին): 
 
- Բացի այդ, Ռուբենին ստիպել են երկար ժամանակ կանգնած մնալ և երկու լրիվ օրից ավելի զրկել են ջրից։ Ավելին, նրան զրկել են ներքնաշորն ու հագուստը լվանալու, փոխելու հնարավորությունից, չեն տվել զուգարանի թուղթ, թույլ չեն տվել գրել-կարդալ, զրկել են սպիտակեղենից, նա ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա։
 
Հացադուլը տևել է 20 օր։
 
Վարդանյանի որդին՝ Դավիթը, ասել է, որ հայրը նամակներ է գրում և ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում իրենց հասցեատերերին։ Ընտանիքին, նրա խոսքով, երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել նրա հետ կամ նամակներ ուղարկել Միջազգային Կարմիր խաչի միջոցով: «Դրսից» բժիշկներին արգելվում է տեսակցել Վարդանյան ավագին, բացառությամբ հացադուլի ավարտից անմիջապես հետո մեկ հետազոտության։