Ուրուրներ՝ արծվի դիմակով

ԹՇՆԱՄՈՒԴ ԲԱՐԵԿԱՄԸ ՔՈ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ

Ի դեպ՝ մայիսի 17-ին ԱՄՆ-ում Էրդողանի անվտանգության աշխատակիցների ձեռնարկած ծեծուջարդի առթիվ բողոքի նոտա է հղել… Թուրքիան: ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն ու մի լավ ամոթանք տվել: Սա էլ՝ քաղաքական մշակույթի անդաստանում Թուրքիայի երկրորդ նորամուծությունը: (Առաջինին արդեն անդրադարձել ենք՝ դիվանագիտական անձնագրով մուտք գործիր բարեկամ երկիր և այնտեղ քո չուզած մարդկանց ծեծիր): Դե ինչ՝ սա էլ է մշակույթ, Վրաստանը սա էլ կարող է յուրացնել: 
 
Մեր հարևան թրքալեզու և թուրքերի շահն առաջ մղող երկու պետությունների հետ բարեկամ Վրաստանի սիրախաղերը գնալով ավելի կրակոտ են դառնում: Երեկ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին Թբիլիսիում ընդունելուց հետո, Վրաստանի նրա պաշտոնակից Լևան Իզորիան հայտատարել է, թե հունիսին և սեպտեմբերին Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ծրագրում են համատեղ զորավարժություններ անցկացնել: Այսօր էլ Բաթումում Իզորիան, Հասանովն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆաքիր Ըշըքն հանդիպում են անցկացնում: Ընդամենը երկու շաբաթ անց՝ հունիսի 4-ին մեկնարկելու են երեք երկրների «Caucasus Eagle» անունը կրող տասնօրյա զորավարժությունները:
 
Եթե այս անվանումը թարգմանելու լինենք, կստացվի կովկասյան արծիվ: Հետաքրքիր է՝ այս երեք երկրներից ո՞ր մեկն է ավելի շատ հավակնում արծվի կոչման: Որքան էլ նրանց գումարենք, հանենք, բազմապատկենք ու բաժանենք՝ արծվի նման ազնիվ համարվող թռչնի պոչն անգամ չի երևա: Նույնիսկ եթե երկրաչափական պրոգրեսիայով նրանց բոլոր արժանիքները մեծացնենք, պատասխանում նորից ազնվություն, հպարտություն ու խիզախություն չենք տեսնի: 
 
Է՛հ, արդի աշխարհում ո՞ր բառն է տեղին գործածվում, որ այս մեկն  ենք քննարկվում…
 
Եթե երկիրը զորավարժություններ է անում, ուրեմն մտածում է արտաքին թշնամու հարձակման պարագայում պատրաստ լինելու մասին: Որ կողմից էլ նայում ենք՝ Վրաստանին կարծես թե միայն Ռուսաստանից է նման վտանգ սպառնում: Համենայնդեպս այդ մասին շատ է խոսվում: Բայց նրա վերը նշված ռազմական գործընկերները նույն Ռուսաստանի հետ շարունակում են սիլիբիլի անել: Դրան հակառակ՝ երկու երկիրն էլ բացահայտորեն Հայաստանը համարում են իրենց թշնամին ու չեն թաքցնում, որ առիթը ներկայանալու պարագայում չեն վարանի հոշոտել: Տեսնես Վրաստանն ի՞նչ է մտածում՝ ո՞ւմ դեմ են իրենք համատեղ զորավարժություններ անում: Իհարկե՝ երևի կհայտարարվի, որ դա որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Սակայն սա էլ է այն դեպքերից, երբ խոսքն արժեք չունի: 
 
Հազար տարուց ավելի է՝ վրացիները փորձում են իրենց մշակույթից ջնջել հայկականով ներծծված բոլոր հետքերը: Բավական է միայն ասել, որ նրանք վիրավորական են համարում, երբ պատմաբանները Մեսրոպ Մաշտոցին են հռչակում իրենց այբուբերի հեղինակը, ինչպես նաև անտեսում են նախահեղափոխական Թբիլիսիի քաղաքապետների անունները, որովհետև նրանք, մեկ-երկու բացառությամբ, բոլորը հայեր են եղել: Այսօր էլ անամոթաբար իրենցն են հայտարարում արդի Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները՝ դրանով զիջելով միայն… թուրքերին (ադրբեջանցիները ներառյալ):  
Արդեն քանի տարի է, Վրաստանից մեզ հասնող լուրերի մեջ մեկ այլ տագնապալի շեշտադրում կա՝ այնտեղ համարյա ամեն ինչ իրենց ձեռքն են առել թուրքերն ու ադրբեջանցիները: Համառորեն փորձելով ձերբազատվել հայկական մշակութային ներգործությունից՝ նրանք փաստորեն իրենց երկիրն ուղղակի թուրքերի՞ն են նվիրաբերում: Դժվար է հավատալ, թե գիտակցորեն են այդպես վարվում, սակայն փաստերի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: 
«Աճող դինամիկա» խոստացող համագործակցությունը հիմա ոգևորել է վրացիներին: Շատերն են ասում, որ պետականաշինության բնագավառում Վրաստանը մեզնից շատ է առաջ անցել: Միայն թե փառք կտանք Աստծուն, եթե այդ պետականությունը վրացու ձեռքին մնա, ոչ թե…