«Եվրոպան բուսակերից պետք է վերածվի գիշատչի, այլապես իրեն կուտեն»

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ «Գեոպոլիտիկա» հարթակ

Հետաքրքիր է, մեր բարեկամ Մակրոնը Բուդապեշտում հայտարարել է, որ Եվրոպան բուսակերից պետք է վերածվի գիշատչի, այլապես իրեն կուտեն:
 
Ուշագրավ համեմատություն է, ինչ խոսք, որի ավելի այսպես ասած «քաղաքակիրթ» տարբերակը Մակրոնը ձևակերպել էր դեռևս 2022 թվականի մարտին, շատ լավ պատկերացնելով ուկրաինական պատերազմի էությունն ու հասկանալով, որ այդ պատերազմով փուռն է գնալու ոչ միայն Ուկրաինան՝ դրան դեմ չէին նույնիսկ եվրոպական պետությունները, այլ «փուռն» է գնալու ամբողջ Եվրոպան:
 
Մեծ հաշվով այդպես էլ եղավ, քանի որ եվրոպական տնտեսությունը պարզապես հայտնվեց ծանրագույն վիճակում: Իսկ տնտեսությունն այն էր, ինչ ուներ Եվրոպան՝ որպես աշխարհաքաղաքական սուբյեկտության ռեսուրս, քանի որ անվտանգության իմաստով Եվրոպան ըստ էության չունի ոչինչ, իսկ ՆԱՏՕ ղեկը Եվրոպայի ձեռքին չէ, այլ օվկիանոսից այն կողմ:
 
2022 թվականի մարտին Ֆրանսիայի նախագահը Փարիզ հրավիրեց Գերմանիայի կանցլերին՝ նրան, ում Իլոն Մասկը այսօր անվանել է «դմբո», և Իտալիայի վարչապետին, որի՝ Մակրոնին ուղղված արհամարական և հակակրանքով լեցուն հայացքը թևածեց ամբողջ համացանցը՝ Իտալիայում Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի օրերին:
 
Թե՛ Իտալիան, թե՛ Գերմանիան այն ժամանակ ըստ էության չընդունեցին «եվրոպական սուվերենության» մասին Մակրոնի մոտեցումները, թերևս համարելով, որ դա այլ բան չէ, քան Ֆրանսիայի առաջնորդությունը ամրագրելու միջոց: Իհարկե չի բացառվում, որ լուրջ չէր վերաբերմունքը ոչ թե գաղափարի, այլ հենց Մակրոնի հանդեպ, ինչը ևս անհիմն չէ:
 
Հիմա, երբ Ֆրանսիայի նախագահը առաջարկում է Եվրոպային դառնալ գիշատիչ, ո՞վ է նրան ընդունելու այդպիսին: Մակրոնն ա՞յն ֆիգուրն է, որը պատրաաստ է առաջնորդել հենց «գիշատիչ» Եվրոպա: 
 
Հարցը ունի սակայն մեկ այլ կողմ: Այդ պատկերավոր բնորոշումով ելույթը Մակրոնը ԵՄ գագաթնաժողովում ունենում է Եվրոպայի հարեւան «գիշատչի»՝ Էրդողանի հետ հանդիպումից մեկ օր անց: Էրդողանի հարցում թերևս չկա կասկած, որ նա գիշատիչ է: Չի կասկածում գուցե նաև Մակրոնը, որի նավատորմի վրա կրակել էին թուրքական ռազմանավերը տարիներ առաջ՝ Միջերկրական ծովում:
 
Այստեղ իհարկե էականն այն է, թե ի՞նչ դեր է պատկերացնում Ֆրանսիան Թուրքիայի համար՝ «գիշատիչ Եվրոպայի» կոնցեպտում: Կասկած չկա, որ հենց դա է եղել հանդիպման գլխավոր տողատակը, որը բխել է ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքից:
 
Ինչպես անդրադարձել էի նախօրեին, թուրքական հաղորդագրությունից երևում է, որ Անկարան մի շարք պայմաններ է առաջադրել Թուրքիայի հանդեպ Եվրամիության գիրկը բացելու տեսանկյունից: 
 
Իսկ Մակրոնն անշուշտ պատկերացնում է, որ փորձառու և վաղեմի գիշատչի հանդեպ գիրկը բացելը նշանակելու է պարզապես «Եվրոպայի մսով» ճաշատեսակ մատուցել նրա առաջ: Ֆրանսիան դա թույլ չի տա երբեք: Ավելին, չի բացառվում, որ հենց Էրդողանի հետ զրույցից է նա եզրակացրել, որ պետք է դառնա «գիշատիչ»: 
 
Իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ Մակրոնի բարձրաձայնածի ազդեցության գոտում Կովկասը կա՞, թե ոչ: Եվ ըստ այդմ, ի՞նչ է սպասում Կովկասին՝ «բուսակերից» «գիշատիչ» եվրատրանսֆորմացիայի շրջանում:
 
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ