ՆԱՏՕ-ն խայտառակում է իրեն Ադրբեջանում

ԱՅՆ, ՈՐ ԼԵՀ ԱԴԱՄՉԱԿԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՈՒՆԻՑ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳԻ ԴԵՄ, ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ՓՏԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

mediamax.am-ը թարգմանաբար ներկայացրել է The American Conservative պարբերականի խմբագիր և ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական Ջեյմս Վ. Քարդենի NATO Disgraces Itself in Azerbaijan հոդվածը, որն էթնիկ զտման ամենասարսափելի դեպքերից մեկն է որակում Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափումը:
 
Մեկ տարի առաջ Ադրբեջանն իրականացրեց մի բան, որը մինչև անցյալ տարվա իսրայելական ջարդերը 1990-ականների հարավսլավական պատերազմներից ի վեր էթնիկ զտման ամենասարսափելի դեպքերից մեկն էր։ Ադրբեջանի զինված ուժերը հաշված օրերի ընթացքում վերահսկողության տակ առան հայկական Լեռնային Ղարաբաղ անկլավը, և 120,000 քրիստոնյա հայեր ստիպված եղան լքել հողը, որը դարեր շարունակ իրենց տունն էր։
 
Հաջորդ ամիսներին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հաջորդ տարվա ապրիլին չորս հայկական գյուղ հանձնվեց Ադրբեջանին։
 
Վերադառնանք այս սեպտեմբերի վերջին շաբաթը, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մասնակցեց Ադրբեջանի պատերազմում զոհված հայերի հիշատակի արարողությանը։ Այս առիթով ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում է, որ «Միացյալ Նահանգները հանձնառու են համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու նրանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու ապրուստի միջոցները»:
 
Սակայն նման տրամադրությունները դժվար է լուրջ ընդունել, երբ վերջերս ՆԱՏՕ-ն բարձրաստիճան պատվիրակություն ուղարկեց Բաքու՝ համբուրելու Ալիևի ձեռքը: Ըստ Հայաստանի Կիրառական քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի, այս տարվա հոկտեմբերի ընդամենը չորս օրվա ընթացքում Ադրբեջանն անցկացրեց երկու բարձր մակարդակի հանդիպումներ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։
 
Այդ թվում էր Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևի և ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հանդիպումը, որի ժամանակ, ըստ ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության, քննարկվել է «Ադրբեջանի հետ համագործակցության նոր շրջանակ, հատկապես պաշտպանական կրթության, փոխգործունակության, տոկունության և պաշտպանական կարողությունների զարգացման ոլորտներում»:
 
Այն, որ լեհ Ադամչակը Ամերիկայի գլխավորած դաշինքի անունից աջակցում է իսլամիստների ագրեսիային քրիստոնյա ազգի դեմ, ցույց է տալիս, թե որքան է փտել Արևմուտքը:
 
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն ինձ ասաց, որ, իր կարծիքով, Ադրբեջանը «հետեւողականորեն աղավաղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը՝ իր նպատակներին համապատասխան, և զարմանալի չէ, որ կրկին արել է դա ՆԱՏՕ-ի պատվիրակության այցի առիթով։ Այնուամենայնիվ, տխուր է, որ նույնիսկ հաղթանակած ադրբեջանցիները չեն կարողանում գթասիրտ լինել պարտված հայերի նկատմամբ, որոնք դարեր շարունակ բնակվել են այդ լեռներում, բայց վերջերս բռնի կերպով վտարվել են իրենց պապենական հողից, ինչը հավասար է էթնիկ զտման»:
 
ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի դավադրությունը կասկած չի թողնում, թե որոնք են ՆԱՏՕ-ի իրական առաջնահերթությունները, որոնք երկար ժամանակ պատսպարվել են ընդհանուր «արժեքների» և «մարդու իրավունքների» բարձրագոչ հռետորաբանության հետեւում: Սակայն բավական հեշտ է հասկանալ Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի բարոյական տեսանկյունից նողկալի քաղաքականությունը. Իսրայելի և Իրանի միջև հակամարտություն, որի մեջտեղում հայտնվել է Հայաստանը՝ ոչ իր մեղքով:
 
Իսրայելի դերը, որն աջակցեց Ադրբեջանի էթնիկ զտումների արշավին, իհարկե, Վաշինգտոնում անտեսում են, թեև Իսրայելում դա գաղտնիք չէ․ իսրայելական Haaretz թերթը խոստովանել է, որ Նեթանյահուի ռեժիմը «իր մատնահետքերն է թողել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների վրա»:
 
Անցյալ տարվա նոյեմբերին Երևանի Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Բենիամին Պողոսյանն ինձ պատմեց, որ «2009 թվականից սկսած Իսրայելը դարձել է Ադրբեջանի առաջավոր սպառազինությունների հիմնական մատակարարներից մեկը։ 2020-ի պատերազմի ժամանակ գրեթե ամեն օր ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները թռիչքներ էին կատարում դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։ Դեռեւս 2023-ի սեպտեմբերի վերջին՝ ադրբեջանական վերջին հարձակումից անմիջապես առաջ, կրկին մի քանի բեռնատար ինքնաթիռ թռավ Իսրայել և զենքով լի վերադարձավ Ադրբեջան։ Տեղեկություններ կան, որ Իսրայելը շարունակել է զենք մատակարարել Ադրբեջանին նաև հոկտեմբերի 7-ից հետո»։
 
Պողոսյանը մատնանշեց, որ «Ադրբեջանը կանաչ լույս է վառել Իսրայելի հատուկ ծառայությունների համար, հատկապես՝ արտաքին հետախուզական ծառայությանը, որպեսզի Ադրբեջանում անեն այն, ինչ ուզում են։ Իհարկե, այժմ նրանք կարող են մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին, որը սահմանակից է Իրանին»։
 
Նա շարունակեց. «Բազմաթիվ տեղեկություններ կան, որ Իսրայելի ռազմական հետախուզությունը կամ օտարերկրյա հետախուզության աշխատակիցները օգտագործում են այդ օդանավակայանները Իրանի դեմ գործողությունների համար»:
 
Իսկ որտե՞ղ է Ռուսաստանը, որը երկար ժամանակ տարածաշրջանի մեծ, գերիշխող ուժն էր: Սանկտ Պետերբուրգի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետդոկտորանտ Պիետրո Շաքարյանն ասում է. «Առայժմ, հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանը զգուշավոր և զուսպ քաղաքականություն է վարում Կովկասում։ Երբեմն կարող է նույնիսկ թվալ, ոչ չափազանց հարգալից է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Սակայն իրականությունն այն է, որ Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ չափազանց երկար ժամանակ կաշկանդված մնալ։ Որքան Հայաստանը թուլանա Փաշինյանի օրոք, այնքան Ռուսաստանի աշխարհաքաղաքական և անվտանգության դիրքերը տարածաշրջանում կվատթարանան։ Ռուս-իրանական հզորացող դաշինքը, իմ կարծիքով, ամենավառ ապացույցն է, որ Ռուսաստանը անվերապահորեն մտադիր է պաշտպանել իր շահերը Կովկասում և մասնավորապես Հայաստանում՝ անկախ նրանից, թե ինչ է ուզում Փաշինյանը»։
 
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ավարտվում է ընտրաշրջանը, և երկու թեկնածուներն էլ Իրանի նկատմամբ որդեգրել են (ակնհայտ պատճառներով) մաքսիմալիստական դիրքորոշում: Ցավալիորեն, Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը որպես Իրանի դեմ քողարկված պատերազմի ֆորպոստ Իսրայելի համար (և ԱՄՆ-ի համար, քանի որ երկու կուսակցությունների պաշտոնյաներն էլ ասես Նեթանյահուի մանկլավիկները լինեն) կշարունակի արդիական լինել՝ հայերի կյանքի և ինքնիշխանության գնով։
 
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի