Երևի, ՞ թե՞ պե՛տք է կանխեիք կոռուպցիան
ԵՐԲ ԱՆՑՅԱԼԸ ՑԱՎԵՑՆՈՒՄ Է
Մեզ հասած տեղեկություններով` նոր ձևավորվող կառավարությունում կադրային էական փոփոխություններ, հավանաբար, չեն սպասվում: Չի բացառվում, որ պաշտոնն ինքնակամ թողնի Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի՝ զղջում է մասնավոր հատվածից պետական ապարատ տեղափոխվելու համար:
Մյուս «պաշտոնանկությունն» Արփինե Հովհաննիսյանին էր, թեև նրա դեպքում ճիշտ է «պաշտոնափոխություն» արտահայտությունը. երիտասարդ գեղեցկուհին ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում տեղափոխվել է խորհրդարան:
Պնդողներ կան, թե տեղափոխության տեսքով այս պաշտոնանկությունը պատահական չէր: Ասում են, թե վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը չի ցանկացել նաև Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատել, բայց իշխանական որոշ շրջանակների բարեխոսությամբ համաձայնել է նրան չտեղաշարժել՝ իրեն արդարացնելու դեպքում: Սակայն արդարադատության նախկին նախարարի օրոք մեկը մյուսի հետևից անմարդկային պայմաններում գտնվող մի քանի դատապարտյալ մահացան, բողոքներ եղան «Սասնա Ծռերի» անդամների հարազատների կողմից: Իսկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը կարծես թե լցրեց համբերության բաժակը... Չնայած՝ հանուն արդարության պետք է ասել, որ ըստ իրավաբանների, այդ մահվան մեջ մեղքի ամենաքիչ բաժինը արդարադատության նախարարինն էր:
Դժգոհությունների մյուս ալիքը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է ուղղված: Սակայն «չար լեզուներն» ասում են, որ Արտեմ Ասատրյանը կշարունակի պաշտոնավարել:
Դժգոհությունները գերազանցապես հաշմանդամության ոլորտին են վերաբերում:
Հիշեցնենք` ամիսներ առաջ կոռուպցիոն մեղադրանքով կալանավորվել էր Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը: Բնականաբար, կոռուպցիոն այս շղթան այլ օղակներ էլ ուներ, բայց առայժմ բավարարվել են միջին օղակի պաշտոնյային զոհաբերելով:
Լրագրողներն այսօր ՀՀԿ-ի պատգամավոր, սոցապ նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է լինում, որ կոռուպցիոն բացահայտումների զոհ միայն վարչության պետերն են դառնում:
- Կոռուպցիոն ռիսկեր, բժշկասոցիալական փարձաքննության ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում, կան: Դա նոր չէ, որի մասին մենք իմացել ենք: Բարեփոխումներն արվում էին, չափորոշիչները վերանայվում էին, բայց մենք տեսանք, որ դա բավարար չէր: Հիմա համակարգային փոփոխություն ենք կատարում այդ ոլորտում,- ասաց նա:
Հետաքրքիր է` հաշմանդամության ոլորտի խնդիրներով զբաղվող նախկին պաշտոնյան չգիտե՞ր ոլորտի կոռուպցիայի մասին: Արի ու տես, որ հարցը զայրացրեց տիկնոջը:
-Այսինքն՝ ի՞նչ եք հարցնում: Այսինքն՝ ձեզ թվացել է, թե ես իմացել եմ և դրանում ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Այսօր քննչական մարմիններն այդ հարցով զբաղվում են: Եթե տեղյակ լինեի, երևի ինչ-որ ձևով կկանխեինք դա:
Երևի՞, թե՞ պե՛տք է կանխեիք, տիկին Բաղդասարյան: Պարտավո՛ր էիք իմանալ ու կանխել, որ համակարգը, ըստ նախարար Արտեմ Ասատրյանի՝ այս աստիճան չթարախակալվեր, և կառավարությունն էլ ստիպված չլիներ վիրահատական միջամտություններ կատարել:
Բանն այն է, որ հաշմանդամության կարգ տվող ԲՍՓ հանձնաժողովները լուծարվելու են: Դրանց պարտականությունները, նախարարի խոսքով` դրվելու են առողջապահական մի շարք կազմակերպությունների վրա, ընդ որում` խիստ պահանջներով:
ՀԳ. Այդ խիստ պահանջները եղել են նաև ԲՍՓ-ի համար, բայց անգամ դա չի խանգարել կաշառքի համակարգված շղթա կազմակերպել, իսկ հետո բացահայտել միայն մեկ օղակը: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ հաշմանդամության կարգ տվող և ԲՍՓ-ին փոխարինած կառույցները կաշառք չեն վերցնի, կգործեն օրենսդրության համաձայն: Սա դեռ պարզ չէ, քանի որ Առողջապահության նախարարության հետ պետք է մշակեն մեխանիզմները: Կմնա մարդկային գործոնը՝ անխարդախ աշխատակիցների տեսքով: