Մարդու իրավունքնե՞ր, թե՞ գազ ու նավթ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 2024Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ

2024թ. հոկտեմբերի 24-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին ռեզոլյուցիա:
 
Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում նշված ռեզոլյուցիայում Եվրոպական պառլամենտը, մասնավորաբար, արձանագրել է.
 
Արցախի վրա 2023թ. Ադրբեջանի հարձակումը ներկայացնում է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, և Եվրոպական միության միջնորդությամբ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարում;
 
արժանահավատ զեկույցները հաստատում են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության կազմակերպված ոչնչացումը;
 
Ադրբեջանի ղեկավարներն ու պաշտոնյաները բազմիցս ատելության խոսք են օգտագործում հայերի նկատմամբ; 
 
Այս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում հրավիրել Ռուսաստանի Դաշնության այն պաշտոնատար անձանց ուշադրությունը, ովքեր հորդորում, առաջարկում են Արցախի հայությանը Արցախում ադրբեջանական վարչակազմի գոյության պայմաններում վերադառնալ Արցախ: 2024թ. հոկտեմբերի 16-ի ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ հանդես էր եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հրատարակչության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան:
 
պնդում է, որ Եվրոպական միության և Ադրբեջանի միջև ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, իրավական բարեփոխումների իրականացմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավմամբ, ինչպես նաև ի ցույց դնի Ադրբեջանի՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում իրական բարեխիղճ պատրաստակամությունը և հարգանքը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների նկատմամբ;
 
Կոչ է անում լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված բոլոր որոշումները: 
 
Հիշյալ արձանագրումների վերաբերյալ հարկ է նշել հետևյալը: Որևէ հավատ չպետք է ընծայել Եվրոպական խորհրդարանի այս և նմանատիպ բանաձևերին: Ինչո՞ւ, շատ ակնհայտ պատճառով. այսօր Եվրոպայի համար առաջնային են ոչ թե մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, այլ՝ նավթը, գազը, փողը և ամեն նյութականը:
 
Այսպես․
 
Եվրոպական միությունն այսօր հակված է Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորումը տեսնել հօգուտ Ադրբեջանի, քանի որ վերջինս Եվրոպական միության համար դիտարկվում է որպես վստահելի գործընկեր էներգետիկ ոլորտում: Այդ մասին վկայում են Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
 
2022թ. դեկտեմբերի 17-ին Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ստորագրել են հուշագիր էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթով նախատեսվում է Կասպից ծովի հողմակայանների արտադրած էլեկտրական էներգիան տեղափոխել դեպի Եվրոպա:
 
Հուշագրի համաձայն՝ մոտավորապես 1100կմ երկարություն ունեցող 500 կՎ լարման մալուխը պետք է սկիզբ առնի Ադրբեջանից, ցամաքով հատի Վրաստանի տարածքը, այնուհետև շարունակվի Սև ծովի հատակով՝ հասնելով մինչև Ռումինիա:
 
Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնավորապես, հայտարարել է.
 
- ․․․Ռուսաստանի պատերազմի սկզբից մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածո վառելիքից և դիվերսիֆիկացվել դեպի հուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք են սեղանի շուրջ այստեղ գտնվող գործընկերները: Եվ դա աշխատում է…:
 
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքից պարզվում է, որ Եվրոպական միությունն Ադրբեջանին համարում է «հուսալի էներգետիկ գործընկեր»:
 
Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ 2023թ. հոկտեմբերի 3-ին «Եվրոնյուզ» եվրոպական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով «Արդյո՞ք Ադրբեջանը դեռևս Եվրամիության գործընկերն է» հարցին, մասնավորապես, հայտարարել էր. «Գործընկերն է, այո, այսօր գործընկերն է։»:
Այսպիսով, վերը հիշատակված փաստերն առանձին-առանձին, կամ բոլորը միասին վկայում են, որ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում Եվրոպական միությունն այսօր հանդես է գալիս Ադրբեջանի օգտին:
 
Չնայած ժողովրդավարության, մարդու իրավունքների և նման կարգի այլ արժեքների հարգման և պաշտպանության մասին եվրոպական տարբեր կառույցների պաշտոնատար անձանց պարբերական հայտարարություններին և հավաստիացումներին, այդուհանդերձ գործնականում նրանք այդ արժեքները ստորադասում են իրենց շահերին, որոնք հիմնականում ունեն նյութականացված դրսևորում:         
 
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ 
քաղաքագետ