Բաքվի ո՞ր կոշտուկն են ուզում տրորել

ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ «ՏԵՍԱՆ»

Վերջապես ոչ թե նկատեցին, այլ ցանկացան փոքրիշատե անկեղծ  լինել:  Չոգևորենք,  թումանյանական խոսքով՝ երազկոտ չլինենք, քանզի դեռ պարզ չէ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն հիմա՛ ինչ խաղ են տանում: ՈՒ թող ներեն այս անվստահության համար. իրենց իսկ կեցվածքն է հայ ժովրդին թերահավատություն ներշնչել:
 
Խոսքը վերջին շրջանում հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ ԱԳ նախարարի մամլո խոսնակի հայտարարությունների մասին է:
ՌԴ ԱԳ նախարարի մամլո խոսնակը վերջապես արձանագրել է փաստը՝ ասելով, որ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտ, ինչին համապատասխանաբար արձագանքել է մյուս կողմը:
 
Դրանից հետո  Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին խոսեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կոչ արեց  կողմերին զսպվածություն դրսեւորել: 
 
Ասել, թե հանուն Հայաստանի են այս քայլերը,  միամտություն կլինի, բայց առայժմ պարզ չէ՝ թե պաշտոնական Մոսկվան  «Ղարաբաղ»  կոչվող հաղթաթղթով Բաքվի ո՞ր կոշտուկն է փորփում տրորել ու ինչի համար: Այդ ինչպե՞ս եղավ, որ   2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ էլ  Մոսկվան  «չիմացան», թե ով է  սկսել ապրիլյան պատերազմը: Անգամ, երբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մշտադիտարկում էր անցկացնում արցախա-ադրբեջանական շփման գծում, և Ադրբեջանը մի քանի անգամ կրակել է  ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի վրա, վերջինս դարձյալ «գլխի չէր ընկել», թե կրակոցները ո՞ր կողմից են: ԵՎ… շուտասելուկի պես նա այդ անգամ էլ կրկնեց իրենց իսկ մոգոնած մշտակաղապարը:
 
Ահա թե ինչու նրանց եզակի այս ուղղամտությունը հաճելիորեն զարմացնում, բայց նաև մղում է այլ տողատակեր որոնել:
 
Ուշագրավն այն է, որ այս հայտարարությունն  արվել է ՀՀ ԱԺ-ի 6-րդ գումարման առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից հետո:  Երկրի ղեկավարը   «վերակենդանացրել» է Կազանի փաստաթուղթը, խոսել  արցախյան խնդիրը բացառապես փոխզիջումներով լուծելու մասին: Ու քանի որ ի պատասխան այդ ամենին, Բաքուն խախտում է հրադադարի ռեժիմը՝ մինի պատերազմ հրահրելով, Մինսկի խումբն ու Մոսկվան վերջապես  «տեսան» իրականությունն ու ստիպված արձանագրեցին փաստը…