Խնայողության գնացքի 10-րդ վագոնն ավելորդ էր

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՊԱՇՏՊԱՆՎԵՆ

ԱԺ փոխնախագահների քվեարկությունից հետո,  օրենսդիր մարմինն այսօր անդրադարձավ  հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Թվում էր, թե դա էլ արագ քննարկեն, կկազմակերպեն քվեարկություն ու... հայդե՝ ինչ-որ բան նշելու: Բայց արի ու տես, որ իշխանությունը փորձում է «խլել»  «Ելք»-ին դաշինքին բաժին ընկող 10-րդ` Մարդու  իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: 
 
Իշխանության հիմնավորումը պետական միջոցների խնայողությունն է ու հանձնաժողովի թերբեռվածությունը: Բնականաբար, ընդդիմադիր դաշինքը տարբեր հիմնավորումներ ներկայացրեց՝ ապացուցելու հանձնաժողովի անհրաժեշտությունը: Հիմնական պնդումը այն է, թե արտաքին աշխարհին ի՞նչ մեսիջ ենք ուղարկում՝ այս հանձնաժողովի լուծարմամբ ու այն միացնելով առանց այդ էլ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատող պետաիրավական հարցերի հանձնաժողովին: 
 
Որևէ քաղաքական ուժի փաստաբանի դերը չստանձնելով`  խնդիրը դիտարկենք այլ տեսանկյունից: Պետական միջոցների ծախսման արդյունավետության մասին  ընդդիմությունը,  վերջերս էլ՝ Կարեն Կարապետյանը,  հաճախ են խոսել: Ավելին, օպիտամալացման ու «գոտիները ձգելու»  քաղաքականությունը սկսվեց  գործադիր մարմնից` լուծարելով տարատեսակ ՊՈԱԿ-ներ: Բայց արդյո՞ք  բոլոր ոլորտներում խնայողությունների մեխանիզմն արդեն անխափան գործում է: Արդյո՞ք պետական միջոցների խնայողության գնացքն արդեն ուղի է ելել, և որպես դրա վերջին վագոն՝ մնացել է մարդու իրավունքների հանձնաժողովը:   
 
Որպես օրինակ, «Ելք» դաշինքի անդամ, նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը հիշեցրեց նախագահական ապարատը, որը նոր Սահմանադրությունից հետո  դառնում է այսպես ասած երկրորդական: Իսկ ինչո՞ւ միայն նախագահականը: Մի՞թե  չկան պետական այլ կառույցներ, որտեղ բյուջեի միջոցները շարունակում են մսխվել: 
Իսկ եթե  պետական միջոցներն առավելագույնս  արդյունավետ ծախսելու պահանջն իսկապես այլընտրանք չունի ու վեր ՝ անգամ քաղաքականությունից,  միգուցե ԱԺ-ում 9 հանձնաժողովի փոխարեն ունենանք 7- 8 հանձնաժողով: Չէ՞ որ նոր Սահմանադրությամբ հանձնաժողովների նախագահների աշխատավարձը բավական բարձր է, գումարած` ծառայողական մեքենա: Ի վիճակի՞ է իշխանությունն  իրեն կտրել շքեղ հարմարավետությունից:   
 
Նախորդ գումարման  ԱԺ-ի հանձնաժողովների աշխատանքը փաստել է, որ դրանցից որոշները տարվա մեջ 2 անգամ են նիստ գումարել: Մյուս կողմից, ինչպես տեղեկացրեց  «Ծառուկյան» դաշինքի  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը,  դա չի խանգարել  հանձնաժողովների ակտիվ պատգամավորներին՝ ուշադրության կենտրոնում պահել մի շարք խնդիրներ: 
 
Հետևաբար, կլինի հանձնաժողով, թե՝ ոչ, աշխատող պատգամավորը կաշխատի առանց հանձնաժողովում ընդգրկվելու: 
Ինչևէ, քննարկումներից հետո քվեարկությամբ մերժվեց դաշինքի` մարդու իրավունքների հանձնաժողովը պահելու առաջարկը, չնայած «Ծառուկյան» դաշինքը կողմ էր քվեարկել «Ելք»-ի նախաձեռնությունը: