Անակնկալ՝ Արփինե Հովհաննիսյանի համար
ԻՍԿԱՊԵ՞Ս ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆ
Մրցակցություն, իհարկե, չկար. փոխնախագահների երեք տեղերի համար առաջադրված 3 թեկնածուներն էլ պիտի որ ընտրվեին: ՈՒ ընտրվեցին: Բայց քվեարկության պատկերն, իրոք, հետաքրքրիր էր:
Նորընտիր ԱԺ-ն այսօր ԱԺ-ի փոխնախագահներ ընտրեց: ՀՀԿ-ն առաջարկել էլ Էդուարդ Շարմազանովի և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները: Սահմանադրության համաձայն` ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից: «Ծառուկյան» դաշինքն առաջադրել էր Միքայել Մելքումյանին:
Պարզվեց` քվեարկությանը մասնակցած 100 պատգամավորներից 22-ը դեմ են եղել Արփինե Հովհաննիսյանին: Քվեարկության այսպիսի պատկերն անակնկալ էր նախկին նախարարուհու համար: Վերջինս իր հակիրճ ելույթում փոքր-ինչ լարված, զուսպ զայրույթով շնորհակալություն հայտնեց քվեարկության բոլոր մասնակիցներին՝ «դեմ» քվեարկողների անձնավորված քայլը որակելով ազնվություն:
ԱԺ-ի միջանցքներում հիմա փսփսում են՝ տեսնես ովքեր են այդ 22-ը: Արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, թե Արփինե Հովհաննիսյանի կուսակից ՀՀԿ-ական կանայք չեն հաշտվում երիտասարդ գեղեցուհու աշխատանքային ու քաղաքական առաջընթացով:
Ի դեպ, նկատելի է, որ Արդարադատության նախարարությունից ԱԺ տեղափոխված, այժմ էլ փոխնախագահի կարգավիճակով Արփինե Հովհաննիսյանը կարծես թե մեկուսացել է իր շրջապատից, դարձել մտախոհ: Միայնակ կարող է շրջել միջանցքում, մի քանի բառ փոխանակել ու մտնել իր աշխատասենյակ: