Ի լուր արտաքին աշխարհի

ԵՎ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻ

Պարզվում է՝ արցախյան խնդրի մասին Կազանի փաստաթուղթը  դարձյալ օրակարգում է: Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային Ժողովում:

Արցախի խնդրի մասին  Սերժ Սարգսյանի ուղերձն ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին: ՀՀԿ ղեկավարն, առանց անունները տալու, անդրադառնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ընտրություններին իշխանությանը  կոչ էր անում Ադրբեջանին  հետ  վերադարձնել  ազատագրված հողերը՝ իբր խաղաղության դիմաց:

 

Տեր-Պետրոսյանի  առաջարկը  բացասաբար ընդունվեց հանրության կողմից: Իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ ասացին, որմիակողմանի զիջումներ չեն լինելու: Այսօր այդ ամենը վերահաստատեց Սերժ Սարգսյանը.

- Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ: Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։ Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների:

ՀՀ նախագահը բացորոշ հասկացնում է, որ միակողմանի զիջում չի լինելու` հանուն ստատուս-քվոյի փոփոխության:

Երկրորդ ակնարկն ուղղված է Մադրիդյան կոչվողսկզբունքների կնքահայր, նախկին ԱԳ նախարար  Վարդան Օսկանյանին.

-Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը... Այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975թ. հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։ Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից.

Որպես ձեռքբերում  Ս.Սարգսյանը մատնանշում է  հետևյալը.

-Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաև Արցախի ներկայացուցիչները:

ՀՀ նախագահի ելույթի՝ Արցախին առնչվող մյուս  հատվածը կարծես թե արտաքին լսարանին է ուղղված: Խոսքն այն մասին է, որ Կազանի փաստաթղթի էությունը գաղտնազերծվեց ապրիլյան պատերազմից  հետո: Ըստ էության, դա Մադրիդյան սկզբունքների վրա կառուցվածք փաստաթուղթ է՝ առավել մանրամասն: Ըստ Սերժ Սարգսյանի՝ Կազանի փաստաթուղթն առաջին կետով ամրագրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացումը հանրաքվեի միջոցով, բայց՝ ոչ հստակ ժամկետով:

Սակայն Կազանի փաստաթղթի գաղտնազերծմանը զուգահեռ հայկական կողմը կոշտացրեց իր դիրքորոշումը՝ որոշակի նախապայմաններ առաջ քաշելով: Մասնավորապես. Ադրբեջանի հետ պետք է  բանակցել, երբ կպահպանվեն ձեռքբերված պայմանավորվածությունները՝ առաջին հերթին հրադադարի պահպանման  մասին:  Բաքուն, իհարկե, մինչ  օրս  որևէ կառուցողական քայլ չի արել: Ավելին, վերջին օրերին սրվել է իրավիճակը սահմանում, մինչդեռ  ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային կառույցները հրապարակավ հորդորում են վերսկսել բանակցությունները: Ու որպեսզի հայկական կողմը միջազգային  կառույցների հորդորները մերժողի  դերում չհայտնվի, Նախագահն արտաքին աշխարհին հիշեցնում է՝ Հայաստանը պատրաստ է բանակցությունների, վիժեցնողն Ադրբեջանն է: