Վանաձորն ու Արտաշատը՝ լակմուսի թուղթ ընդդիմության համար
ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ Է ՍԿՍՎՈՒՄ
Խորհրդարանի և ավագանու ընտրություններից հետո քաղաքական գործընթացները թևակոխում են համեմատաբար, հանգիստ, բայց պատասխանատու մի նոր փուլ: Ժողովրդի քվեն ստացած ուժերի աշխատանքը լակմուսի թուղթ կլինի հանրության համար: Սակայն ընտրական իրավիճակն ամբողջությամբ ավարտված չէ: Հայտնի է, որ Վանաձորում ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտում է ավագանու նիստերը, որոնց սահմանադրականությունը «Ելք» դաշինքի անդամ, ԼՀ-ի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը վիճարկելու է Սահմանադրական դատարանում:
Արդեն մի քանի ամիս է, որ Քրիստ Մարուքյանը բարձրաձայնում է այդ մասին: Բայց ընդդիմադիր և ԱԺ չանցած ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ լռում են: Հայտնի չէ՝ նրանք կմիանա՞ն ԼՀ-ի պահանջին, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ 2016 թ. Վանաձորի քաղաքապետի ընտրություններում վերոնշյալ կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել: Քանի որ քաղաքապետի ընտրություններն առաջին փուլով չավարտվեցին, 2-րդ փուլում թվում էր՝ հաղթելու է ընդդիմադիր թեկնածու Քրիստ Մարուքյանը, բայց ավագանու անդամների քվեարկության արդյունքները ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին էին:
Մինչ օրս բացահայտված չեն այն դավաճաններն ու ՀՎԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանի խոսքով՝ պոռնիկները, ովքեր խախտեցին համագործակցությունը: Կկարողանա՞ն ընդդիմադիրները Վանաձորի իրավիճակը վերջնականապես հանգուցալուծել հօգուտ իրենց, կտեսնենք, բայց սա հերթական առիթը կլինի ընդդիմադիրների սկզբունքայնությունը ստուգելու:
Ընտրական մյուս իրավիճակն Արտաշատում է: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին վայր է դրել քաղաքապետի լիազորությունները և «Ծառուկյան» դաշինքով դարձել պատգամավոր: Ըստ տեղեկությունների՝ Հանրապետական կուսակցությունը և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը քաղաքապետի պաշտոնում ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, Իսկ Գագիկ Ծառուկյանն ու հատկապես Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում կորցնել այդ «պոստը» և ուզում են առաջադրել փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին: Չնայած խոսակցություններ էլ կան, որ իշխանությունը քաղաքն ուզում է ազատագրել Աբրահամյանների ազդեցությունից: Միգուցե պատահական չէ, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, շրջանառվող լուրերի համաձայն, չի ցանկանում Հովիկ Աբրահամյանի հետ գործ ունենալ:
Այսօրինակ ասեկոսեներ շրջանառելն էլ, թերևս, ինքնանպատակ չէ: Հազիվ թե հիմնազուրկ լինեն խոսակցությունները, թե Հովիկ Աբրահամյանը շուտով նոր պաշտոն է ստանալու: ՈՒ որպեսզի պաշտոնյայի հետ մտերմությունը չստվերի «Ծառուկյան» դաշինքի որդեգրած ընդդիմադիրի կեցվածքը, խնամիները քաղաքական ապահարզանի պատրանք են ստեղծում:
Հավակնություններ դեռ չեն ներկայացրել «Ելք»-ն ու ՀՅԴ-ն: Վերջինս հազիվ թե կոալիցիոն գործընկերոջ դեմ դուրս գա, չնայած դաշնակցությունը հիմա ռեսուրս էլ շատ չունի: Դեռևս լռում է նաև «Ելք»-ը: Բայց եթե դաշինքն իրեն համարում է նոր որակի ընդդիմություն, հաջողություններ է գրանցում ԱԺ-ի և Երևանի ավագանու ընտրություններում, ապա այս հարցում էլ պետք է ելք գտնի կամ գոնե՝ ելք առաջարկի: Հատկապես, որ քաղաքը հարազատ է Արարատում բնակվող «Ելք»-ի անդամ Արամ Զավենի Սարգսյանին:
Վանաձորում և Արտաշատում տեղի ունենալիք գործընթացները նաև ցույց կտան, թե ինչքանով են ընդդիմադիրները պատրաստ իրենց ամբիցիաները մի կողմ թողնելու և միավորվելու, հատկապես ԱԺ-ի ու ավագանու ընտրություններից հետո, երբ խոսվում էր իշխանության կողմից ամեն գնով սեփական իշխանությունը պահելու մասին: