«Մեծ մրցախաղի» ժամանակներ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

19-րդ դարի ամենաթեժ մրցակցությունն ընթանում էր «Մեծ մրցախաղի» շրջանակում: Այդպես էր կոչվում այն ժամանակվա երկու գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի կայսերապետական մրցակցությունը: Հիշեցնենք մրցակցության գլխավոր թատերաբեմերը՝ Կենտրոնական Ասիա, Աֆղանստան, Կովկաս, Իրան, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներ և այլն: Պայքարը գլխավորապես գաղութների, հաղորդուղիների ու բնական պաշարամիջոցների՝ առաջին հերթին նավթի համար էր:
 
Մրցակցությունն ավարտվեց 1907 թվականին, երբ հայտնվեց նոր խաղացող՝ Գերմանիան, որն ուշացել էր գաղութատիրության համար պայքարից և այդ շրջանում հայտ էր ներկայացնում մյուսներին: Գերմանիան դաշնակցային հարաբերություններ հաստատեց Օսմանյան կայսրության հետ և սկսեց ներթափանցել Մերձավոր Արևելք ու Աֆրիկա: Արդյունքում Ռուսաստանը, Ֆրանսիան ու Բրիտանիան միավորվեցին նոր հավակնորդի դեմ ու, այդպիսով, «Մեծ մրցախաղի» դարաշրջանն ավարտվեց և մեկնարկեց նոր մրցախաղ, որի արգասիքը երկու համաշխարհային պատերազմներն էին:
 
Այժմ եկել են նոր մրցախաղի մեր ժամանակները, որի հիմնական դերակատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: Դրանց փորձում են մասնակից դառնալ արդեն երկրորդ աստիճանաշարի մեծ երկրները և այստեղ, ինչպես նախորդիվ, կոալիցիաներ են առաջանում, որոնք գտնվում են շարժական վիճակում, և տեղի են ունենում վերադասավորումներ:
 
Ինչո՞ւ է մեզ համար կարևոր այդ մրցախաղի էությունը հասկանալը: Ամբողջ խնդիրն այն է, որ նոր մրցախաղի կարևոր թատերաբեմերից մեկը դարձել է Հարավային Կովկասը, և Արցախի 2020թ. պատերազմը հենց այդ մրցակցության տրամաբանության մեջ է դիտարկվում: Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ճակատագիրը:
 
Վերջերս Երևան ժամանած՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, ի պատիվ իրեն, անկեղծորեն շարադրեց Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության հիմնական դրույթները: Կփորձենք ձևակերպել դրանցից ամենակարեւորները:
 
Ահավասիկ. 
 
ա/ ստեղծել միջին միջանցք Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով, որն անցնելու է նաև Հայաստանով դեպի Թուրքիա և տնտեսապես հզորացնելու է մեծ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասից ու Կենտրոնական Ասիայից դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին (վերջինիս անունը չի նշում, բայց տողատակով հասկանալ է տալիս); 
 
բ/ այդ նպատակով պետք է կառուցվի «Զանգեզուրի միջանցքը», (միջանցքի անուն չի տրվում, բայց նկարագրվում է); 
 
գ/ ԱՄՆ-ը չի ստանձնի երաշխավորի գործառույթ, այսինքն՝ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր նախահարձակ գործողության դեպքում չի պաշտպանի ՀՀ-ին. դա Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրն է; 
 
դ/ ակնարկվում է, որ հիմա այդ ծրագրի իրականացման հնարավորության դուռ է բացվել, քանի դեռ ՌԴ-ն «խրված» է Ուկրաինայում, Իրանը՝ Մերձավոր Արևելքում:
 
Սրանք են գլխավոր հայեցակետերը, բայց՝ ոչ բոլորը: Նոր մեծ մրցախաղը վաղուց է սկսվել ու ընթանում է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում: Բնականաբար՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի ու արդեն նաև Հնդկաստանի դիրքորոշումները կարևոր են, որովհետև շոշափվում են նրանց կենսական շահերը: Արդյո՞ք այս մրցակցությունը նորից կթեժացնի մեր տարածաշրջանը և նորից կհանգեցնի մեծ պատերազմի՝ կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում Հայաստանի գործող կառավարության վարած քաղաքականությունից, որը, ակնհայտորեն առճակատային է Իրանի ու Ռուսաստան հանդեպ, ինչը կարող է հանգեցնել պատասխան քայլերի, իսկ միգուցե նաև՝ կոշտ գործողությունների: