Կատարի էմիրի սառը ցնցուղը՝ Բաքվին

ՀՀ-Ն ՊԻՏԻ ՄՆԱ ՈՐՊԵՍ ԵՏՄ ԵՐԿՐՆԵՐ ՏԱՆՈՂ ԿԱՄՈՒՐՋ

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի այցը  Կատար : Մի քանի կարևոր դրվագներ կառանձնացնենք, որոնք առանցքային են մեր պետության  համար:  
Հանդիպման ընթացքում  Սերժ Սարգսյանը հանդիպել է Կատարում ապրող մեր  հայրենակիցների հետ: Նրանք  Կատարում հաստատվել են Սիրիայի հակամարտությունից  հետո և պատրաստակամ են հայրենիքում ներդրումնել անել: Այսինքն՝ մեր հայրենակիցները գործնական առաջարկների են սպասում  Հայաստանի իշխանության կողմից: 
 
Նախագահ- սփյուռքահայեր հանդիպումը նաև կառավարության որդեգրած ռազմավարության շրջանակներում է: Գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը ջանք ու եռանդ չի խնայում  արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ներգրավել Հայաստանում  իրականացվող բիզնես ծրագրերում: Այնպես որ,  Սերժ Սարգսյանի՝ հայոց պետությունը միասին հզորացնելու կոչը  միակողմանի ցանկություն չէր:
 
Այցի ժամանակ երկրի ղեկավարը խոսել է հայ-կատարական չիրացված ներուժն օգտագործելու մասին: Բայց ուշագրավ է, որ  երկու երկրների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև   արցախյան խնդրից: Մինչ Սերժ Սարգսյանի այցը Կատար, «Ավանգարդն» անդրադարձել էր արաբական աշխարհին ուղղված Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի նամակին:  
 
Հեյդարօղլին կոչ էր արել չհամագործակցել Հայաստանի հետ՝ արցախյան խնդիրը որպես մարտահրավեր իսլամիստներին մարտահրավեր ներկայացնելով: Եվ ահա Սերժ Սարգսյանը Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանն  անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Կատարի Էմիրը    կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի: 
 
Այս հայտարարությունը, կարծում ենք, իսկական սառը ցնցուղ է ոչ մի կերպ սթափվել չցանկացող Բաքվի համար, որն ամեն գնով փորձում է կրակից շագանակներ հանել այլոց ձեռքերով: Արցախյան հակամարտության լուծման համար հիմա էլ ջանում է  ստանալ արաբական երկրների աջակցությունը: 
Այս և այլ կարգի  հանդիպումներից  հետո  հետևողական աշխատանք  պետք է տանել՝ տեսանելի արդյունքներ արձանագրելու համար: Հայաստանը մինչ այսօր էլ դեռ պահպանում է տարանցիկ երկրի,  ԵՏՄ երկրներ տանող կամրջի տիտղոսը,  որի  վրա աչք է դրել մեր հարևան Վրաստանը՝ փորձելով այն խլել մեզանից: 
 
Ի դեպ,  2016թ-ից հայկական ավիափոխադրումների շուկայում  գործունեություն է ծավալում «Կատար Էյրվեյս» ավիաընկերությունը՝ Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելով:  Հանգամանք, որը ևս կնպաստի երկու երկրների միջև բարեկամության կամրջմանը, գործնական հարաբերությունների ամրապնդմանը: