Դիվանագիտական անձնագրով քրհեղինակությունը

Ի՞ՆՉ ԿՄՏԱԾԵՆ ՕՏԱՐՆԵՐԸ

 
Պարզվում է՝  Հայաստանը դիվանագիտական անձնագիր  կարող  է տալ անգամ քրեական հեղինակությունների հետ կապ ունեցողին: Խոսքը  Սոչիի գործարար Ռուբեն Թաթուլյանի մասին է, ում այսօր Չեխիայում ձերբակալել են: Ավելի ուշ տեղեկություն  հրապարակվեց, որ հայ գործարարին ազատ են արձակել: 
 
Թե ով է Ռուբեն Թաթուլյանը՝ որպես անհատ, որպես  գործարար, ինչպիսին է  նրա բարոյական նկարագիրը, երևի այդպես էլ շատերին չհետաքրքրեր, եթե չլիներ այսօրվա միջադեպը: Եվ, իհարկե, այն, որ նա ՀՀ վարչապետի հիմնադրած՝ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է (հրապարակումներից մեկի համաձայն) և լավ հարաբերություններ ունի ՀՀ կառավարության ղեկավար  Կարեն Կարապետյանի հետ:
 
Ինչո՞վ է առանձնահատուկ տեղի ունեցածը: Այն երկու տեսանկյունից կարող ենք դիտարկել: Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել՝ ում և ինչու տալ դիվանագիտական անձնագիր:  Ի վերջո,  ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, երբ պետություններն իրենց  պետական շահի համար կարող են այլոց  համար անհասկանալի քայլի գնալ: Բացի այդ, քրեական հեղինակությունները միայն հայ ազգի «մենաշնորհը» չեն: Նման կարգի մարդկանց գրեթե ամեն տեղ կարելի է հանդիպել:
 
Ասել է թե՝ Թաթուլյանին, որպես քրեական հեղինակության, անձնագիր տալը մեր ներքին գործն է, և որևէ պետություն իրավունք չունի միջամտել ու դժգոհել:  Սակայն մյուս կողմից, ինչքան էլ օտարները բարեկրթությունից դրդված, լռեն, միևնույն է՝ քրեական հեղինակություն ու դիվանագիտական անձնագիր կոչվող  «երկու գլուխները» կարծես ոչ մի կերպ «չեն եփվում նույն կաթսայում»:
 
Ի՞նչ կարծիք, պատկերացում կկազմեն  Չեխիայի կամ մեկ այլ պետության իրավապահ  մարմինները Հայաստանի վերնախավի, հանրության մասին, երբ քրեական հեղինակության գրպանում դիվանագիտական անձնագիր են տեսնում: Չե՞ն տարակուսի, որ այսպիսի համբավավորներից է կախված Հայաստանի տնտեսական զարգացումն ու ապագան: Արդյո՞ք իրենց թույլ չեն տա մտածել, թե Հայաստանի վերնախավը կապեր է հաստատում քրեական հեղինակության հետ: 
 
Հուսանք՝ դիվանագիտական անձնագիր շնորհած գերատեսչությունը և մեր հայրենակիցը սպառիչ պարզաբանումներ կներկայացնեն, որոնք կփարատեն թե՛ մեր, թե՛ օտարների կասկածները: Իսկ գործարար Ռուբեն Թաթուլյանը երկար չի սպասեցնի՝ ճանաչում ձեռք բերելու պետականաշահ իր ներդրումներով: