Ադրբեջանի շիլափլավը մեր գլխին են ուզում ջարդե՞լ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԿՈՐԶԵԼ

Արցախի  նախագահ Բակո Սահակյանն օրեր առաջ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անջեյ Կասպշիկին ընդունել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրադրությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։
 
Հանդիպումն ուշադրության է արժանի, քանի որ  հանդիպման ժամանակ քննարկվել է  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցը և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հրատապությունը։ 
 
Այս առաջարկի  քննարկումը ցույց է տալիս, որ ապրիլյան պատերազմից  հետո Հայաստանը դեռ նախապայմաններ թելադրողի դիրքերից է հանդես գալիս:  Այդ նախապայմաններից մեկը վերոնշյալ մեխանիզմների կիրառումն է, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ով է առաջինը խախտել  հրադադարը:  Ադրբեջանը, որպես ագրեսիվ  ու նախահարձակ կողմ,  արդեն մեկ տարուց ավելի է՝ չի  ընդունում այս կետը: 
 
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այցն Արցախ այլ տեսանկյունից  էլ կարող ենք դիտարկել: Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունները չեն սկսում, որի պատճառով օր օրի ավելանում է լարվածությունը սահմանում, և կարծես թե միջնորդ կողմը փորձ է անում Արցախի միջոցով «ճնշում» գործադրել Հայաստանի վրա, կամ համոզել՝   վերսկսելու բանակցությունները:  Անցյալ շաբաթ «Ավանգարդն» անդրադարձել   էր ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Հոգլանդի  ակնարկներին, ԱՄՆ-ի հետախուզության  այն կանխատեսումներին,  ըստ որոնց՝ այս տարի մեծ է  ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: 
 
Բացի այդ, միջնորդներն են Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը կազմակերպել, բայց կարծես թե չեն ցանկանում անպտուղ հանդիպում և ամեն կերպ փորձում են բեկում մտցնել, մարել կրակի այս օջախը:
 
Մյուս կողմից այս իրավիճակը հիշեցնում է 1994 թվականը, երբ Ադրբեջանը Հայաստանի ոտքերն ընկած՝ աղերսում էր խաղաղություն: Բայց քանի որ մինչև Բաքու գնալու ցանկություն կար, մերոնք չէին համաձայնում:
 
Ալիև ավագը՝ Ադրբեջանի նախկին նախագահը, հասավ նրան, որ տարբեր պետություններ հայկական զորքերն ազատագրված տարածքներից դուրս  բերելու պահանջ սկսեցին ներկայացնել: Կարո՞ղ էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունը դիմադրել ճնշումներին, կնքել ոչ թե հրադադարի,  այլ՝ կապիտուլյացիայի պայմանագիր: Քաջատեղյակները պնդում են՝ այո, ոմանք՝  հակառակն են ասում: 
 
Ինչևէ, այդ հնարավորության գնացքն արդեն մեկնել է, դրանից թռչողները ապահով վայրէջք են կատարել: Սակայն այսօր էլ, չգիտես ինչու, միջնորդները փորձում են խնդիրը կարգավորել Հայաստանի ու Արցախի հաշվին, մեզա՛նից զիջումներ կորզելով՝ քաջ իմանալով, որ երեկվա խաշնարածներն են այս ողջ շիլափլավի հեղինակը՝ իրենց «մեծ ախպեր» Թուրքիայի հետ համատեղ: