ԱՄՆ-ի հետախուզությունը զգուշացնում է

ՓԽՐՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Սիրիայի  խնդրից հետո, ըստ երևույթին,  ուժային կենտրոնների ուշադրության  կենտրոնում է հայտնվել նաև արցախյան հակամարտությունը: 2016 -ի ապրիլյան պատերազմով 24 տարվա բանակցային աշխատանքը  մի քանի վայրկյանում ջուրն ընկավ: Անցել է ևս մեկ տարի, բայց որևէ  տեղաշարժ չկա:
Հակամարտության մասին  հետաքրքրիր, միաժամանակ մտահոգիչ հայտարարություն է արել ԱՄՆ-ի ազգային  հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը:  ԱՄՆ-ի հետախուզության կանխատեսումներով՝ 2017 թ. կվերսկսվեն  ռազմական գործողություններն Արցախում: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչաչդ Հոգլանդը  Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել վերսկսել բանակցությունները: Եվ որքան շուտ՝ այնքան լավ: 
 
Ամերիկյան կողմից առաջ Ռուսաստանն էլ  վերջերս նման կանխատեսում էր արել: Ի տարբերություն Վաշինգտոնի, Մոսկվան անգամ պատերազմի հնարավոր վերսկսման ամիսն էր կանխասել՝  2017թ. օգոստոս: Ամիսը, կարծում ենք, պատահական չէ: Բանն այն է, որ 2015-ի օգոստոսին  մի քանի օր լարված վիճակ էր արցախա-ադրբեջանական շփման գծում:
 
Այն, որ Արցախում  պատերազմի  վերսկսման վտանգը երբևէ չի վերացել՝ հայտնի  է բոլորին: Բայց առաջին անգամ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններից մեկի՝ ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավարը հրապարակային նման հայտարարություն է անում: Աշխարհի լավագույն հետախուզական ծառայությունը, ենթադրելի է, որ բացի կանխատեսումներից, ունի ու կարող է անգամ որոշակի փաստացի հիմնավորումներ ներկայացնել: Ավելին՝ նույնիսկ կարող է ասել, թե ով կսկսի լայնամասշտաբ   ռազմական գործողություններ: Բնականաբար, դա Հայաստանը չէ, քանի որ  պետական մակարդակով մշտապես կողմ ենք եղել ստատուս քվոյի պահպանմանը:  Դա գիտեն և գիտակցում են նաև գերտերությունները: Պատահական չէր, որ Ալիևը քառօրյա պատերազմից հետո հայտարարեց, թե Բաքվին ճնշում են և պարտադրում ճանաչել Արցախի անկախությունը: Մի քայլ, որն Ադրբեջանը չի անի. չէ՞ որ  արցախյան պատերազմը լավ առիթ է՝  պետական միջոցների  թալանն արդարացնելու համար:  Դա, իմիջիայլոց, հայտարարեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
Չի բացառվում, որ ԵԱՀԿ  Մինսկի խմբի  անդամ ԱՄՆ-ի հայտարարությունը քարոզչական նպատակ էլ ունի՝ սարսափեցնել կողմերից գոնե մեկին՝ մղելով զիջումներ անել: Գուցեև՝ սթափեցնելու երկու կողմերին, որ ավելի գործնական տրամադրվածությամբ վերսկսեն բանակցությունները:
 
ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԻՍԿԱՊԵ՞Ս ԱՆԶՈՐ Է
 
Բայց  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդն օրեր առաջ ասել էր, որ Մինսկի խմբի նպատակն է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, պահպանել հարաբերական խաղաղություն: Այս տեսանկյունից օրինաչափ շատերի հուզող հարցը՝ ինչո՞ւ ԱՄՆ-ը   ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու պետությունների՝ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ չի կանխում, նվազեցնում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: 
 
Եվս մի դիտարկում: 25 տարի արցախյան խնդրում բանակցություններն էական որևէ արդյունք չտվեցին: Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ միակողմանի զիջումներ չե՛ն լինելու, Բաքուն էլ իր հերթին պնդել է, որ երբեք չի ճանաչի Արցախի  անկախությունը, ոչ մի զիջումների չի գնա:  Հետևաբար, ո՞րն է երաշխիքը, որ քառօրյա պատերազմից  1 տարի անց բանակցությունները կտան որևէ դրական արդյունք: