Վիգեն Սարգսյանը «հաստատեց» Մոսկվայի հայտարարությունը

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՆ

Օրեր առաջ «Ավանգարդն»  անդրադարձել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են իսլամական ահաբեկության դեմ գործելու, Իսլամական պետություն խմբավորումը ոչնչացնելու համար: Մասնավորեցվել էր, որ գործելու պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները:
 Փաստորեն մեր դաշնակցի այս  խոսքերը պատահական չէին:  ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հեռուստաընկերություններից մեկին  տված հարցազրույցում անդրադարձել է նաև Սիրիայի խնդրում Հայաստանի զինված ուժերի ներգրավվածությանը: Պաշտպանական ոլորտի պատասխանատուն ասել է, որ  Ռուսաստանի հետ քննարկում են մարդասիրական ականազերծման և Սիրիայի ժողովրդի համար խաղաղապահ այլ մասնակցության տարբերակները:
 
ՀՀ ներկայացուցչի այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից: Երբ Սիրիայում  սկսվեցին խժդժությունները, որոնք վերածվեցին երկարատև հակամարտության՝ Հայաստանի կեցվածքը սկզբում չեզոք  էր:  
Հիշենք՝  ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանի 2013 թ-ի հայտարարությունը.
 
- Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում՝ տարբեր մակարդակներով և ուղղություններով։ Գործադրվող ջանքերը առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության ապահովմանը։ Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց:
 
Այդ հայտարարությունից էլ հետո Հայաստանի դիրքորոշումն էապես չփոխվեց: 2016 -ին ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանը ընդունում  է  ՌԴ դիրքորոշումը  Սիրիայի հարցում: Մասնավորապես,   Հայաստանը ողջունում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը: 
 
Այս տարիներին Հայաստանն աչքաթող չի արել Սիրիայի հակամարությունը:  Ուժերը ներածին չափով մարդասիրական օգնություն է  ցուցաբերել  բարեկամ Սիրիային, Հայաստանում ապաստան տվել սիրիահայերին: Անգամ տեղեկություններ հրապարակվեցին, որ հայ մարտիկները մասնակցել են Սիրիայի հայաբնակ քաղաքներից մեկի՝ Քեսաբի ազատագրմանը: Եվ դա օրինաչափ էր, զի մայր հայրենիքը չէր կարող անտարբեր մնալ վտանգի մեջ հայտնված ներ հայրենակիցների հանդեպ:
 
Իսկ ահա մեկ տարի անց Հայաստանը կարծես թե  փորձում է  ակտիվ մասնակցել Սիրիայի ազատագրմանը: Այս կերպ կարելի է ընկալել Վիգեն Սարգսյանի հայտարարություը, որով նա  ըստ էության, ակնարկում է միջազգային  կառույցներին, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի միջոցով պասիվ վիճակից դուրս է գալիս և դառնում գործոն:
 
Ցանկացած երկրի համար  պատիվ է  օբյեկտի,  ենթարկվողի կարգավիճակից թելադրողի, սուբյեկտի դերակատարում ստանձնել: Սակայն դրանից առաջ պետք է լավ հաշվարկել այդ ամենի հետևանքները: Արդյո՞ք նման հայտարարությունները, բացահայտ Ռուսաստանի հետ խաղի մեջ մտնելը բխում է մեր պետական շահերից: 
 
Առանց այդ էլ Արևմուտքի  համար ագրեսոր երկրի՝  ՌԴ-ի հետ դաշնակցելը երբեմն մեր երկրի  համար դրական չի դիտվում: 
 
Ինչ վերաբերում է իսլամիստներին, ապա նրանք  էլ  առանձնապես բարի ու հանդուրժողական տրամադրված չեն Հայաստանի հանդեպ՝ որպես քրիստոնյա պետության: Չնայած պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանը մի առիթով հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է դիմագրավել ԴԱԻՇ-ի մարտիկներին, բայց արդյո՞այդպես է: Ռուսական զենքով մեր սահմանները թիրախավորած Ադրբեջանից եկող պատուհասները քի՞չ են...
 
Մինչդեռ, անկախ բոլոր խոսքերից՝ Վիգեն Սարգսյանի ու Լավրովի այս հայտարարություններով մեծանում  է Հայաստանը թիրախ դարձնելու ռիսկը  ջիհադիստների համար: 
Ի դեպ,  խոսակցություններ կան, որ Վիգեն Սարգսյանն այս հայտարարություններով կարծես թե համոզում է ռազմավարական դաշնակցին իր՝ որպես ապագա ԱԳ նախարարի հուսալիությունն ու յուրայինությունը: Ի  վերջո,  ԱԳՆ-ի պաշտոնում  պետք է նշանակվի մեկը, ով բոլոր խաղացողների համար կլինի ոչ միայն ընդունելի, այլև լավ կպատկերացնի՝ ում հետ ինչպես և ինչքան: