Ռուս քաղաքագետը բացատրել է Հայաստանին «գյուղերի վերադարձի» մասին ադրբեջանական պահանջների ենթատեքստը
Ոչ միայն ես, այլ նաև շատ այլ քաղաքագետներ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը զավթելու վրա կանգ չի առնի և կշարունակի իր էքսպանսիան դեպի Հայաստան՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ճեղքելու համար։ Բաքվին ռազմական գործողության համար պատրվակ է անհրաժեշտ, իսկ եւ գյուղերի վերադարձի պահանջի մասին հայտարարությունը հայկական տարածք ներխուժման նախապատրաստություն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից 8 «օկուպացված» գյուղ է պահանջել։
- Հետևաբար, Հայաստանի կառավարության այն խոսակցությունները, թե Ադրբեջանի հետ հնարավոր է ինչ-որ խաղաղություն, հնարավոր է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորում, ուտոպիստական հասկացություն է։ Հայաստանի իշխանություններին պետք չէ խաբել ո՛չ իրենց, ո՛չ Հայաստանի ժողովրդին՝ խոսելով Ադրբեջանի հետ հարցերի խաղաղ կարգավորման հնարավորության մասին։ Պետք է պատրաստվել ագրեսիան ետ մղելուն, բանակը պատրաստել, հասարակությանը մոբիլիզացնել, նրան նոր պատերազմի նախապատրաստել,- նշեց փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ միջնորդների բոլոր հայտարարություններն այն մասին, թե խաղաղ համաձայնագիրը մոտ ապագայում հնարավոր է, կեղծիք են։
- Հայաստանը երկար լսում էր միջնորդների հայտարարությունները, թե պետք չէ կտրուկ շարժումներ անել, պետք չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլապես բարդություններ կլինեն, և Ադրբեջանի հետ ընդունելի պայմաններով համաձայնության գալու հնարավորություն կա։
Երեւանը երկար լսեց այս ամենը, և արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց Լեռնային Ղարաբաղը՝ իր նախնիների բնակության տարածքը։ Այնտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում։ Բացի այդ, Ադրբեջանն օկուպացրել է 150-200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք, հիմա էլ նոր պահանջներ է ներկայացնում,- հավելեց քաղաքագետը։
Հայերի գոյատևման միակ հնարավորությունը պատերազմի պատրաստվելն է, Զինված ուժերը զարգացնելը և հզոր երկիր լինելը, որի հետ Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել, բացատրեց Ալեքսանդրովը։
- Ախորժակն ուտելիս է գալիս։ Եթե նախկինում Ադրբեջանը սահմանափակվում էր միայն Ղարաբաղի պահանջներով, ապա այժմ, տեսնելով Հայաստանի կառավարության պացիֆիստական օրակարգը, Բաքուն երևակայել է, որ կարող է էլ ավելի մեծ նպատակների հասնել։ Հիմա գլխավոր նպատակը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, և դրա համար անհրաժեշտ է պատերազմ սկսել՝ հիմնավոր պատրվակով։ Եթե Ադրբեջանին սա հաջողվի, ապա ես Հայաստանի լուծարում եմ կանխատեսում,- ընդգծեց նա։
Բաքվի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանին այլևս Հայաստանի տարածքով միջանցք այդքան էլ պետք չէ, տիպիկ խաբեություն է՝ ուղղված թշնամուն և միջազգային հանրությանը հանգստացնելուն, կարծում է փորձագետը։
- Ադրբեջանը կարող է դեպի Թուրքիա ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնել ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով։ Այս առումով երբեք խնդիրներ չեն եղել։ Բայց Ադրբեջանին անխոչընդոտ միջանցք է պետք, որն ինքը կվերահսկի։ Բայց Բաքուն Իրանի միջոցով երաշխիքներ չունի, Ադրբեջանը չի կարողանա ռազմական բեռներ տեղափոխել Իրանի տարածքով կամ բանակ տեղափոխել, այդ թվում՝ թուրքական, այսինքն՝ ՆԱՏՕ-ի բանակը,- եզրափակել է Ալեքսանդրովը։