ԱՄՆ-ի համանախագահի ակնարկը. պատասխան նաև Տեր-Պետրոսյանին
ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Արցախի հակամարտության գործընթացին վերաբերող ուշագրավ հայտարարություններ է արել: Նա ասել է, որ չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև առկա հակասություններին, նրանք սերտորեն գործակցում են Արցախի խնդրում: Այն, որ նրանք ունեն տարբեր ազգային շահեր, ըստ ամերիկացի համանախագահի՝ բացասական չի ազդում իրավիճակի վրա:
Հոգլանդն ակնարկում է Արցախի խնդրում Հայաստանի համար կարևոր մի իրողություն, որը գուցե զարմացնի հայերիս՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազգային շահերի հարցում տարբերությունները նպաստում են Արցախի ստատուս-քվոյի պահպանմանը:
Այն, որ այսօր վերոնշյալ գերտերությունների հարաբերությունները լարված են Սիրիայի խնդրի պատճառով՝ խոստովանել է անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս: Նրա խոսքով՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները այսքան վատ չէին անգամ Օբամայի օրոք:
Եթե այս վատ հարաբերությունները պատուհաս են Սիրիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար կռվախնձոր դարձած այլ երկրների համար, պարզվում է՝ այս հակասությունները, ըստ Հոգլանդի, պայմանականորեն շահեկան են Արցախի համար: Ավելին՝ քանի դեռ ահաբեկիչների դեմ պայքարն ավարտված չէ, Սիրիայի հակամարտությունը լուծված չէ, Մինսկի խմբի անդամները կանեն առավելագույնը՝ տարածաշրջանում անկայունություն թույլ չտալու համար:
Ուշադրության է արժանի ԱՄՆ-ի համանախագահի այն հայտարարությունը, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ն ակտիվ ներգրավվի Արցախյան խնդրի կարգավորման հարցում: Այս խոսքերը պատահական չեն: Մեր ընթերցողները կհիշեն, որ վերջերս անդրադարձել էինք Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացած Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը: Հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց, Բաքուն էլ, որ այդքան չարչարվել էր հանդիպման համար, քիթը կախ հեռացավ: Մոսկվայի այս՝ թեկուզ տապալված նախաձեռնությունը Մինսկի խմբի մյուս պետությունների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աչքից չվրիպեց, առավելևս, որ նրանք Մոսկվայում էին:
Կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ը անհանգստացած է Արցախի խնդրում Մոսկվայի այս ակտիվությամբ: Չմոռանանք նաև Բաքվի՝ ԵՏՄ անդամ դառնալու ձգտումները, որին հավանություն է տվել Ռուսաստանը՝ քաջ գիտակցելով, որ որպես զիջում Ալիևն Արցախի խնդրում առավելության կձգտի: Սրան, եթե գումարենք ռուս-թուրքական ջերմացումը, որի վտանգների մասին հրապարակավ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ամերիկացի համանախագահի հայտարարության ենթատեքստն ընկալելի է դառնում:
Մյուս մեսիջը, որը հղում է ԱՄՆ համանախագահը, խաղաղապահների տեղակայումն է.
- Մենք դեռ չենք հասել մի կետի, երբ միջազգային հանրությունը խաղաղապահների կամ տնտեսական օգնության միջոցով կարողանա երաշխավորել բռնության իսպառ վերացումը: Դա պետք է անեն հենց իրենք՝ առաջնորդները:
Այսինքն՝ ԱՄՆ համանախագահն ակնարկում է՝ անգամ խաղաղապահների տեղակայումը երաշխիք չէ հարցի վերջնական կարգավորման: Հարցը պետք է լուծեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Մինսկի խումբը կարող է հաստատել հարաբերական կայունություն, խաղաղություն:
Հոգլանդի այս հայատարարությունը, ի դեպ, պատասխան կարող ենք համարել ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին, որտեղ նախկին նախագահը Արցախի խնդրի կարգավորումը տեսնում էր միջազգային խաղաղապահների տեղակայմամբ: Հետաքրքիր է՝ Տեր-Պետրոսյանը Հոգլանդի այս խոսքերից հետո նրա՞ն էլ կհամարի խնդրից անտեղյակ, քանզի ըստ Տեր-Պետրոսյանի, շատ քչերն են քաջածանոթ կոնֆլիկտին:
Թե ինչպես ՀՀ ղեկավարությունը կկարողանա գերտերությունների հակադրությունից օգտվել, իրադարձությունները ցույց կտան: Բայց չարաբաստիկ մադրիդյան սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, կարծես թե միմյանց հակասում են՝ եթե Ադրբեջանի տեսանկյունից ես դիտարկում: Մինչդեռ Հայաստանի դեպքում դրանք ուղղակի լրացնում են իրար: Արցախը հայկական տարածք է. փաստեր՝ ինչքան ուզեք, Արցախի ժողովուրդն էլ 25 տարի առաջ ինքնորոշվեց՝ հռչակելով իր անկախությունը և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան էլ կայացավ որպես պետություն: Միջազգային հանրությանն այլ բան չի մնում, քան հաշվի նստել ու ճանաչել կայացած իրողության հետ՝ եթե իսկապես հետամուտ են արդարությանը: