«Պետք է փոթորիկը հեռացնել մեզանից»

ՀԱՅԵՐ, ՀԱՍԿԱՑԵՔ, ՈՐ ՈՉ ՄԵԿԻՆ՝ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՎ ԱՅԼՈՒՐ, ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԳԸ․ ՀԱՅՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմության դասերը գիտակցորեն չսերտած ու համառորեն դրանք անտեսող, խեղաթյուրող, լռեցնող հասարակական-քաղաքական գաճաճները՝ Հայաստան երկիրը վերստին դարձրել են առևտրի առարկա: Նույն իրականությունն է, ինչ Առաջին Հանրապետության ընթացքում: Եվ, սակայն, առավել ողբերգական է ներկան... Քանզի չկա՛ն ազնիվ, անկեղծ ու նվիրյալ գաղափարական անձերը... Նրանք, ովքեր հանուն Հայրենիքի կկատարեն ճիշտ ընտրություն. կընտրեն սեփական անձի խոնարհեցման ուղին, որով ի զորու կլինեն պահպանելու և բարձրացնելու ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայր Ասողիկ Կարապետյանը։
 
«Ոչ մի դեպքում իրավունք չունենք տրվելու այն մահաբեր հոսանքին, որը փոթորիկ է տենչում մեր տարածաշրջանում: Իրավունք չունենք դավելու ազգային և պետական շահերը՝ աշխարհի այս ծանրագույն, քաոսային իրավիճակում մեզ բարեկամ ու դաշնակից Պետությանը ծաղրելով և հարվածելով:
 
Պետք է լինել իրապաշտ, իմաստուն ու խորագետ և հասկանալ, որ պետք է հեռու մնալ «մեծ խաղերից», պետք է փոթորիկը հեռացնել մեզանից:
 
Չգործենք այն նույն սխալները, որոնք գործվեցին ոչ հեռավոր անցյալում, և որոնց հետևանքում շահեցին բացառապես մեր «հարևանները»՝ կլանելով ու կայանալով...
 
Հայեր, հասկացեք, որ ոչ մեկին՝ Արևմուտքում և այլուր, չի հետաքրքրում Հայաստանը, Հայոց Պետությունն ու Ազգը. նրանց համար գերական ու միակն իրենց կույր շահն է, ուստի ունայն խոսքից և սուտ խոստումից զատ՝ չունեն ոչինչ տալու... Ունկնդիր լինենք մեր Պատմության ահեղ ձայնին և չմոլորվենք կեղծիքի ու ստի բավիղներում: Մնանք ազնիվ և հավատարիմ, մնանք քաջ և արժանապատիվ, մնանք ՏԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՆ ՄԵՐ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ:
 
Աստված թող մեզ լինի օգնական և մարտակից»,- գրել է նա: