Տվե՛ք մեր փողերը

ԴԵՍՊԱՆԻ ԱԿՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եվրամիության դրամաշնորհների յուրացման փաստով հարուցված քրեական գործը, ինչպես ժողովուրդն է ասում, կարծես դեռ շատ ջուր է վերցնելու: Չի բացառվում, որ նոր անուններ էլ ի հայտ գան: Պաշտոնյաներ, որոնք «տանիք» են եղել, կամ փայ են ունեցել այս գործում: Հայաստանի իրավապահների ուրախությունը երկար չտևեց: Նրանք ամեն գնով ԵՄ-ի դրամաշնորհների յուրացման բացահայտումը փորձեցին ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ դրսևորում: Մյուս կողմից դա ակնարկ էր եվրոպացի գործընկերներին, թե ձեր աչքի գերանը թողած, այլոց աչքում փուշը մի որոնեք: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարող կառույցը թաթախվախ է կաշառակերության մեջ:

Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը սառը ցնցուղ էր հայրենի իրավապահների համար: Իսկ Սվիտալսկին հայտարարել է, որ դրամաշնորհային խարդախությունը բացահայտվել էր ԵՄ-ի Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով: Այսինքն՝ եվրոպացիներն իրենք են նախաձեռնել՝ ազատվել իրենց տան կեղտոտ լվացքաջրից: ԵՄ-ի ղեկավարի «խայթոցները»սրանով չեն ավարտվում:

- Այս կառույցի գործունեությունը պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները որքան արդյունավետ են աշխատում: ՀՀ կառավարությունը պետք է հետևի OLAF-ի օրինակին և նույնպես ունենա նման անկախ կառույց,- ասել է Սվիտլասկին:

Ակնարկը պարզ է: ԵՄ-ի ղեկավարը դժգոհ է կոռուպցիայի դեմ մեր իշխանության պայքարից: Մինչդեռ ամիսներ առաջ, երբ ԵՄ-ի գումարների յուրացման մասին տեղեկատվությունը սուղ էր, ԵՄ-ի ղեկավարը ոգևորված շնորհակալություն հայտնեց ՀՀ իրավապահներին՝ օպերատիվ արձագանքի, իսկ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար: Կարող ենք անգամ ենթադրել, որ հիմք ընդունելով հանրային դժգոհությունները, մամլո հրապարակումները, ԵՄ ներկայացուցիչն, ըստ երևույթին, ամիսներ անց ենթատեքստով հասկացնում է, որ կոռումպացված իշխանությունը չի կարող ինքն իր դեմ պայքարել:

Չնայած նույն կոռումպացված իշխանության հասցեին միջազգային կառույցներն ընտրություններից հետո դրական խոսքեր էին շռայլում՝ արդար ընտրությունների անցկացման համար: Դե, հասկանալի է, ընտրությունները բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է, բայց այս դեպքում խոսքը սեփական գումարների մասին է: Իհարկե, լավ օրինակին կարելի է ու պե՛տք է հետևել, ուրիշի սխալի վրա սովորելը ևս ցանկալի է: ՈՒրեմն ենթադրում ենք, որ կառավարությունն օդում կախված չի թողնի Սվիտալկսու խոսքերը: Բայց մինչ օրս իրավապահները չեն աձագանքել ԵՄ պատվիրակությա ն ղեկավարի այս հայտարարություններին: