Երևանի նախազգուշացումը Մոսկվային

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈ՛Ջ ՈԳՈՎ

 Կառավարության կազմում, ըստ տեղեկությունների, մեծ փոփոխություններ չեն լինի: Գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը կադրային փոփոխություններ  չի կատարի և  դես ու դեն չի անի իր նշանակած կադրերին:
Սակայն շշուկները, թե պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանը կդառնա ԱԳ նախարար՝ փոխարինելով  Էդվարդ Նալբանդյանին, կարծես թե իրատեսկան են:  
 
Բանն այն է, որ նախարարը վերջին մեկ ամսում ռուսական տարբեր լրատվամիջոցներին հարցազրույցներ է  տալիս ոչ միայն պաշտպանական ոլորտի խնդիրների, այլև արտաքին քաղաքականության մասին: 
Ուշագրավ է նրա «Ինտերֆաքսին» տված վերջին հարցազրույցը, որտեղ պաշտպանության նախարարը դիպուկ շեշտադրումներթվ «մեսիջներ» է ուղարկում ռազմավարական մեր դաշնակից Ռուսաստանին: Դրանք  ակնարկներ են՝ պահանջատիրական երանգներով: Վիգեն Սարգսյանը դարձյալ խոսել է  Ադրբեջանին Ռուսաստանին զենք վաճառելու փաստի մասին:
 
-Հայաստանում հասարակությունն ուշիուշով հետևում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու քայլերին, հատկապես՝ երբ դա տեղի է ունենում հակամարտության սրման պահերին: Այդպիսի սպառազինության կիրառման ամեն դեպք, բնականաբար, Հայաստանում շատ լուրջ կրքեր է առաջացնում՝ հաշվի առնելով մեր ժողովրդի հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Եթե ռուսական զենքը հավասարակշռության խախտման արդյունքում դառնա հակամարտության մեջ ռիսկի գործոն, ապա դա ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին,- հայտարարել է Սարգսյանը:
 
Վիգեն Սարգսյանն, իհարկե, նորություն չի ասում: ՀԱՊԿ-ի անդամ,   կառույցի գլխավոր խաղացող   Ռուսաստանը  զենք է վաճառում նույն կառույցի անդամ Հայաստանի թշնամուն՝ խախտելով ՀԱՊԿ-ի կանոնադրությունը: Ապրիլյան պատերազմից հետո հարցի կարևորությունն ու նրբությունը շեշտվեց, սակայն կարծես թե ապարդյուն:  ՌԴ տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, թե դա ընդամենը բիզնես է: Դրանից հետո  տեղեկություն հրապարակվեց Ղազախստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, որին  «Ավանգարդն¦ անդրադարձել է:  
 
Վ. Սարգսյանի այս հայտարարությունը պատահական չէ:  Արցախի բանակցային գործընթացը փակուղում է, տեղաշարժ չկա: Մոսկվայի ջանքերով վերջին հանդիպումն էլ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքի պատճառով ձախողվեց, իսկ հայ-ադրբեջանական սահմանում էլ գրեթե ամեն օր  շարունակվում են կրակոցները Բաքվի կողմից: Բնականաբար, պաշտպանական ոլորտի  ղեկավարի  ակնարկները թափանցիկ են ու լիովին ընկալելի:
 
Ռուսաստանին ուղղված ակնարկները սրանով չեն ավարտվում: 
Վիգեն Սարգսյանը խոսում է նաև Թուրքիա-Ռուսաստան ջերմացող հարաբերությունների մասին: Թեև ՌԴ նախագահը Էրդողանի հետ հանդիպումից հետո  Թուրքիան համարեց ոչ թե ռազմավարական նշանակության, այլ  կարևորագույն գործընկեր, որի հետ բազմակողմանի համագործակցությունը վերականգնվում է,  սակայն հայտարարությունն անգամ այդ տեսքով մտահոգիչ է:Մեր պատմության փորձը ցույց  է տվել, թե որքան դառն ենռուս-թուրքական համագործակցության պտուղները մեզ համար:  Ու հիմա Վիգեն Սարգսյանն ի լուր աշխարհի հայտարարում է.
 
-Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների և ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ու այլ հարցերի մասին, պետք է փաստենք, որ այդ դաշինքից մեր տարածաշրջանում ամենաշատը ներկայացված երկիրը Թուրքիան է, որը բացահայտ և անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ադրբեջանում, շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում: Ես հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շատ դրական փուլ է, սակայն, այդուամենայնիվ, չէի անտեսի նման լուրջ վտանգը: Թուրքիան բացասական դեր է խաղում նաև այս հարցում՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանին սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում: Սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում՝ Դաղստանի սահմանների մոտ: 
 
Փաստորեն,  պաշտպանական գերատեսչության ղեկավարը ակնարկում է՝ Անկարայի ջերմացող հարաբերությունները և Ադրբեջանի հետ դրանք սերտացնելը  թիկունքից հարված կլինի հենց ՌԴ-ի համար:  
Հետևություններ կանի՞ Մոսկվան այս ամենից, թե՞ 1920-ականների ոգով կշարունակի իր սխալ քաղաքականությունը տարածաշրջանում՝ կտեսնենք փոքր-ինչ ավելի ուշ:  
Իսկ այսօր ակնհայտ է, որ առաջին անգամ Հայաստանի պաշտպանության նախարարը, ուրեմն՝ նաև Հայաստանը,  ՌԴ-ի հետ չի հարաբերվում վասալի կարգավիճակով: Կարծես թե իշխանական էլիտան հասկացել է՝ ինչքան Ռուսաստանն է կարևոր  մեզ, այնքան էլ մենք ենք պետք  Մոսկվային: Ուրեմն, ժամանակն է կյանքի կոչել հավասար գործընկերային հարաբերությունները: Հուսանք՝ պահանջատիրական այս կեցվածքը   ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո ևս կդրսևորվի: