ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՆԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԴԱՐԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՅԱՆ ԱՆԿՈւՄԸ

Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է Արցախի պետականությանը: Տվյալ ճգնաժամը կրկնակի վտանգավոր է օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի` գրեթե ինն ամիսներ ձգվող շրջափակման պայմաններում: Ճգնաժամը հանգուցալուծելու, այդպիսով արցախյան դարավոր պետականության անկումը կանխելու նպատակով երկրի վարչակազմի կողմից պետք է առանց հապաղելու ձեռնարկվեն սթափ, առանց զգացմունքներին տուրք տալու, հավասարակշռված քայլեր: Ճգնաժամի հաղթահարման գործում մեծ անելիք առաջին հերթին ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
2023թ. փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության կառավարության նիստում Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է. «Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար:»:
 
Մեջբերված հատվածում Արայիկ Հարությունյանը, ըստ էության, խոսել է իր մասին, որպես մի բարձրաստիճան պաշտոնատար անձի, ով շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից:
 
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:»:
2020թ. մայիսի 21-ին Շուշիում Արայիկ Հարությունյանը ձեռքը դրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության վրա և որպես հանրապետության ընտրված նախագահ երդվել՝ բարձրաձայնելով Սահմանադրության 91-րդ հոդվածում արձանագրված երդման տեքստը, մասնավորապես. «ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»: 
 
Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է պահել իր երդումը, արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է հանդիսանալ սահմանադրական վերոնշյալ չորս պահանջների երաշխավորը: 
 
Պատասխանն ավելի քան հստակ է. որպես հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չի կարողացել պահել իր երդումը:
 
Սահմանադրական չորս պահանջներից առնվազն երկուսի երաշխավորումը Արայիկ Հարությունյանը, որպես հանրապետության նախագահ, կատարելապես ձախողել է: Նա չի կարողացել հանդիսանալ Արցախի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը: 
 
Սահմանադրական պահանջների կատարումը ձախողելով՝ Արայիկ Հարությունյանը շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից: Իսկ, ինչպես իրավացիորեն հայտարարել է հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը, «Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար:»: 
 
Պետք է հուսալ, որ Արցախի Հանրապետության հաջորդ վարչակազմն ի կատար կածի Արայիկ Հարությունյանի այս իրավացի հայտարարությունը: 
 
Քաղաքակիրթ երկրներում սահմանադրական պահանջների կատարումը ձախողած հանրապետության նախագահը դրսևորում է ողջախոհություն և հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Այս իմաստով Արայիկ Հարությունյանին պետք է մաղթել ողջախոհություն: Թող ողջախոհությունը հնարավորինս շուտ այցելի իրեն և նա ժամ առաջ հեռանա զբաղեցրած պաշտոնից: 
 
Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը վնասում է Արցախի Հանրապետության ազգային պետական շահերին: Նա չի կարողացել պատվով կրել հանրապետության նախագահի բարձր պատասխանատվությունը: Պարտված նախագահը պետք է հեռանա, սա չի կարող քննարկման առարկա լինել որևէ պարագայում: 
Որպես պարտված նախագահ շարունակելով պաշտոնավարումը՝ Արայիկ Հարությունյանը շատ վատ նախադեպ է ստեղծում Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի համար ընդհանրապես, հանրապետության նախագահի ինստիտուտի համար մասնավորապես:
 
Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք Արցախի Հանրապետությունը կրել է ահռելի տարածքային կորուստներ, լրջագույնս վտանգվել է Արցախի Հանրապետության անվտանգությունը:
 
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը նույն օրը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահ՝ պահպանելու Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի ամբողջականությունը:
 
Ամփոփելով ասվածը՝ կոչ եմ անում Արցախի Հանրապետության խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և Արցախի Հանրապետության քաղաքացիներին անհետաձգելիորեն, հրատապ կարգով սկսել գործընթաց և ձեռնարկել բոլոր միջոցներն Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու նպատակով: 
 
Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության շրջանում չունի այն լեգիտիմությունը, որը թույլ կտար նրան շարունակել հետագա պաշտոնավարումը հանրապետության նախագահի պաշտոնում:
 
 
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
Քաղաքագետ