Այլ խոսքով՝ «կինդեր սյուրպրիզ»

ԿԱՇԱՌՔ՝ ՉԿԱՇԱՌՎՈՂՆԵՐԻՆ

 «Ելք» դաշինքը   կաշառվածներին հայտնաբերելու ելք է առաջարկում՝ ընտրակաշառքը չկաշառվելու նվերով փոխարինելու ճանապարհով:  Հակադրվե՞լ ես ընտրակաշառքին, ըմբոստացե՞լ ես՝ որպես նվեր կստանաս 15.000 դրամ:  
 
- Մենք որոշում ենք կայացրել, որ Երևանի ավագանիում մեծամասնություն ձեռք բերելուց հետո մի շարք փոփոխություններ ենք կատարելու Երևան քաղաքի բյուջեում: Ավելացնելու ենք նոր հոդված, որը կոչվելու է սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին: Խոսքն այն մասին է, որ այն քաղաքացիները, որոնք ավագանու ընտրություններից՝ մեր հաղթանակից հետո համապատասխան դիմում կներկայացնեն ու կասեն, որ հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկելուց, այդ քաղաքացիները կոնկրետ չափի սոցիալական աջակցություն կստանան. դա մոտ 15 հազար դրամի չափով օգնություն կլինի,- հայտարարել են դաշինքի անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը:
 
Դաշինքն իր այս որոշումը հիմնավորել է քաղաքացիների ընտրակաշառաքներին ենթարկվելու ճնշումներով: Այն, որ սովորաբար և գրեթե բոլոր իշխանությունները վերատադրվելու  համար ընտրություններում վարչական ու ֆինանսական ռեսուրս են կիրառում, ցավոք, փաստ է: Բայց «Ելք»-ի անդամներն էլ կարծես մոռանում են, որ ինքնատիպ այս առաջարկով հակասում են իրենց իսկ նախորդ հայտարարություններին:
 
Դաշինքի մեկ այլ անդամ՝ Ալեն Սիմոնյանը, վերջերս  չէր ընդունել ընտրակաշառք վերցնողների այն հայտարարությունը, թե վախի, ճնշումների պատճառով են գնացել այդ քայլին: 
 
-122.000 մարդ չվախեցավ,մեզ ընտրեց, իսկ մյուսները վախեցա՞ն,- ասել էր Ալեն Սիմոնյանը, ապա «համբալ» որակել ընտրողների ցուցակ կազմողներին:
 
 Հայտարարությունը քննադատության պակաս չունեցավ, իսկ ընտրակաշառք վերցնողներին պաշտպանողներ քիչ չեղան: Ավելին՝  Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը  դաշինքի անդամներ Փաշինյանն ու Մարուքյանը չհակադարձեցին:
 
Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթն է, որպես «կինդեր սյուրպրիզ», ընդդիմադիր դաշինքը շրջանառում  է նման գաղափար:  
 
Տեսնես այս հնարամտությունն ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժն առաջ չքաշեց: Գուցե 1-2 ամիս առաջ ավելի լո՞ւրջ էր վերաբերվում ընտրություն երևույթին: Բայց սա չէ էականը: Ստացվում է, որ «Ելք»-ը ընտրակաշառքի նոր տարբերակ է առաջարկում. կաշառք՝ չկաշառվողներին: Իսկ ո՞˜ր մնաց ազնիվ, անկաշառ ընտրազանգված ունենալու երազանքը:
 
ՀԳ.  Տեսնես՝ այս ծրագրի հեղինակներն ինչպե՞ս պետք է վստահ լինեն, որ մեկ այլ  ընտրարշավորդից կաշառք ստացած քաղաքացին չի  փորձում այս անգամ էլ իր  ազնվությունը վաճառել: Ինչպես ասում են՝ բազար, բազար, մինչև վե՞րջ: