Աղետալի վիճակագրություն

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է քվե տալ 2 564 244 ընտրող

Արդեն հայտնի է, որ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում 2017թ. մարտի 13-ի դրությամբ ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Ինչպես նշվում է տեղեկագրում, ընտրություններից 20 օր առաջ ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը 2 564 244 է: Նշվում է, որ ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը 1249 է, իսկ հաշվառում չունեցող ընտրողները 20-ն են: 

Այս թվերից, որոնց հավաստիության վրա կասկածելը դժվար է՝ ելնելով նրանից, որ դրանց պատասխանատուն հստակ նշված է, միայն մեկ տխուր եզրակացության ենք հանգում: Վիճակագրորեն հաստատված է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը արդեն երեք միլիոնի չի հասնում, քանի որ 2011թ. մարդահամարից հետո (3 213 000) գնալով պակասել է:

Եթե նույնիսկ հիմք ընդունենք 2011թ. մարդահամարի արդյունքները, ստացվում է, որ ՀՀ-ում կլորացված թվերով ընդամենը 650 հազ. երեխա կա: Ծերացող հասրակության անժխտելի փաստ և ժողովրդագրական աղետի նշան: Այստեղից հետևում է, որ ընտրարշավով տարված մեր գործիչներն ու քաղաքացիները լավ կանեն` ճառեր ասելու և լսելու արանքում այս ցավի համար մի գործուն դարման փնտրեն: