Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի հայտարարությունը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս․/թ․ մայիսի 14-ին Բրյուսելում Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումից հետո ունեցած ասուլիսում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86 600 քառ․ կմ:
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ Ալմա-Աթայի 21 դեկտեմբերի 1991թ․ հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ նման հայտարարության համար մի շարք պատճառներով:
 
Միջազգային փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ։
 
Վերոհիշյալ հռչակագրում մինչև հետևյալ ձևակերպումը՝ «ճանաչելով եւ հարգելով փոխադարձ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելությունը», կան մի շարք հանձնառություններ, որոնք կոպտորեն ոտնահարվել են և ոտնահարվում են Բաքվի վարչախմբի կողմից։
 
Հետևաբար, փաստաթղթի ոտնահարման դեպքում, նրա առանձին վերցրած որևէ դրույթ չի կարող գործել։
 
Բացի այդ, Ադրբեջանը մինչ Ալմա-Աթայի հռչակագիրը` 1991թ․ օգոստոսի 30-ի «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և 1991 հոկտեմբերի 18-ի նույնանուն սահմանադրական ակտով (№222-XII) հրաժարվել է ԽՍՀՄ իրավա-քաղաքական ժառանգությունից, այդ թվում նաև ԽՍՀՄ ներպետական վարչական սահմաններից։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռը բազմիցս է անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և ողջունել ըստ միջազգային իրավունքի սահմանների հստակեցումը։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ տարածշրջանում կայունությունն ու խաղաղությունը կարող են խարսխված լինել միայն միջազգային իրավունքի և անսակարկ արդարության հիման վրա։
 
Ուստի, տարածաշրջանում միջպետական սահմանները հստակեցնելու համար և դրանից առաջ, կողմերը պետք է դիմեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ հստակեցնելու այն իրավական հենքը և միջազգային օրինական փաստաթղթերի ու քարտեզների շրջանակը, որոնց հիման վրա դա պետք է տեղի ունենա։
 
1920-1921թթ․ քեմալա-բոլշևիկյան ապօրինի գործարքների հիման վրա առաջացած իրողությունը և վարչական գծերը չեն կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն, տևական և ընդգրկուն խաղաղության համար, քանի որ իսկզբանե գծվել են հայկական ինքնիշխան պետականության համար անկենսունակ պայմաններ ստեղծելու նպատակով։
 
Նման տարածք ունեցող երկիրը լավագույն դեպքում դառնալու է հայերի ռեզերվացիա, որը մի քանի տասնամյակ հետո կվերանա քարտեզի վրայից:
 
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին գիտակցել այս աղետաբեր եւ կործանարար իրողությունը և պատրաստվել ոտքի ելնելու Հայաստանում անցումային նոր իշխանության ձևավորման մոտալուտ պայքարի համար։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
15 մայիսի 2023թ․, ք․ Երևան