«Դիլխոր» մանդատաբաշխում

ՍՈՑԻԱԿԱՆ ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄԸ` ՕՐԻՆԱՍՏԵՂԾ ՄԱՐՄՆՈՒՄ

Կառավարության նիստերի դահլիճում այսօր պատգամավորների մանդատների բախշման արարողությունն էր: Թվում էր, թե մանդատաբաշխումը  իսկական տոն պետք է լիներ ոչ միայն օրենսդիրների, այլև թիմակիցների համար: Բայցգրեթե բոլորը մի քիչ մոլորված ու անուրախ  էին, չնայած ամեն ինչ լավ էր կազմակերպված՝  երեկույթին հարիր ֆուրշետ, դասական երաժշտություն: Բայց  պատգամավորների՝ հատկապես հնաբնակների մի մասը մտածկոտ, մի մասն անտարբեր կեսաբերան զրուցում էին՝ աչքի պոչով զննելով այլոց:

Թերևս  նորեկ պատգամավորների համար էր տոնը հետաքրքրիր: Նրանք բավական բարձր տրամադրությամբ շուրջբոլորն էին նայում,  չէին խորշում լրագրողների հետ զրույցից: Նույնիսկ՝ կարծես ակնկալում էին տեսախցիկների ուշադրությանն արժանանալ:

Լրագրողներիս համար նկատելի էր նաև պատգամավորների «պառակտված»ու առանձնացված խմբերը: Նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը դիպուկ բնութագրում է տվել այս ամենին.

-Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են։ Եթե 1999-ի, երբ առաջին անգամ պատգամավոր դարձա, ԱԺ-ի պատկերն այսօրվա հետ համեմատենք, արժեհամակարգի տարբերությունը 100։1 հարաբերակցություն է։ Այն ժամանակ բոլորս միասին էինք, հիմա հարուստ պատգամավորներն առանձին կաստա են. անգամ սուրճ խմում են միայն կաստաներով:

Փաստորեն սոցիական շերտավորումը նույնիսկ երկրիս օրինաստեղծ մարմնում է պալարակալել:

Մթնոլորտն աշխուժացրեց  ՍԱՍ գրուպի ղեկավար-պատգամավոր  Արտակ Սարգսյանի րոպեական երևան գալը: Հիշեցնենք, նա պատգամավորի այն թեկնածուն էր, ում եղբայրը ՍԱՍ-ի աշխատակիցներից պահանջում էր քվեներ բերել եղբոր համար, և ջանադիր քվե հավաքողներին ուղարկել սիրո քաղաք՝  Փարիզ: Լրագրողների հարցերի տեղատարափից Արտակ Սարգսյանը րոպե առաջ էր ուզում ազատվել:

- Հնարավո՞ր է՝ կալանավորեն ձեզ, ինչո՞ւ եք ստորացնում աշխատակիցներին, ստիպում ձայն բերել ձեր օգտին: Այն աղջկան ուղարկեցի՞ք սիրո քաղաք,- հարցերին ի պատասխան՝ Արտակ Սարգսյանը ժպտում էր, բայց այնքան էր շփոթվել, որ վերելակ մտելուց հետո ինքնաբերաբար ասաց՝ ճանապարհ տվեք:

Հետաքրքրություն շարժող մյուս թեման «Ծառուկյան» դաշինքի  մանդատակռիվն էր:Նախ տեղեկացնենք, որ  դաշինքի հետ  առճակատողները ներկա չէին մանդատների ստացման արարողությանը, որը երկու բան է նշանակում: Կամ տեղ չեն տալիս խորհրդանշական արարողությանը, կամ էլ չեն ցանկացել հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում,  հանդիպել դաշինքի մյուս անդամների հետ:

Ի դեպ, Ծառուկյան դաշինքի մյուս անդամներն էլ էին խուսափում  խոսել այդ թեմայի մասին և պատասխանել տարրական մի հարցի՝ ի վերջո, ստորագրե՞լ են ինքնաբացարկի դիմումներ, թե՞ ոչ:

Մանդատաբախշման արարողությանը ներկա չէին նաև «Ելք»դաշինքի անդամները: Նրանք բավարարվել էին  իրենց փոխարեն լիազոր ներկայացուցիչ ուղարկելով: