Տիգրան Սարգսյանը՝ միջնո՞րդ Մոսկվայի և Երևանի միջև

ԵՄ-Ի ՄՈՏԱԼՈՒՏ ԱՆԿՈՒՄՆ ԵՆ ԳՈՒԺՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ,Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը օրերս հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմնական սկզբունքը անդամ երկրների հավասար ներկայացվածությունն է. փոքրիկ Հայաստանը կամ Ղրղըզստանը ունեն նույնքան ձայներ, որքան Ռուսաստանը կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները:

Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին, մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Դա նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից,-  ասել է Տիգրան Սարգսյանը:

 Հայաստանի մաքսային միության, ապա ԵԱՏՄ-ի  անդամակցության անակնկալ  որոշումը հասարակական-քաղաքական դաշտը  միասնաբար չողջունեց: Խնդիրնայն է, որ  Հայաստանը 3 տարի բացահայտ բանակցում էր  ԵՄ-ի հետ՝ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու:  Ընդ որում, թե՛նախկին վարչապետը, թե՛ բարձրաստիճան այլ անձինք  մի կենտրոնի թելադրանքով  միաբերան պնդում էին, որ ՀՀ-նսահման չունի Մաքսային միության հետ, հետևաբար չի կարող այդ միությունների մաս լինել: Բայց  եղավ հակառակը: Ոչ միայն Մաքսային միության, այլև ԵԱՏՄ անդամ դարձանք:

Իհարկե,  ստիպված եղանք նաև եվրոպացիներին ներքին խողովակներով հասկացնել, որ որոշումը Հայաստանի անվտանգության համար էր արված: Այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց ԵՄ ներկայացուցիչներն բաց տեքստով ասում էին, թե դռները Հայաստանի առաջ չեն փակում:

Տիգրան Սարգսյանի այս  հայտարարությունը դարձյալ քննարկումների առիթ է դարձել: Ի վերջո, ճի՞շտ էր Հայաստանի անդամակցումը, թե՞ ոչ:

Տնտեսագետ Աշոտ Թավադյանն, օրինակ,   երեք հանգամանք  է ընդգծում՝

«1. գազի գնի նվազում՝ 30 տոկոսով,

2.Ադամանդի արտադրություն, այլ ապրանքների գների նվազում,

3. 270 մլն դոլար վարկ՝ ատոմակայանը վերակառուցելու համար, իսկ վճարումը սկսելու է 2019-ից,

4. Ստացանք մաքսատուրքի մասնաբաժինը ավելի մեծ, քան հավաքում էինք, տարեկան մոտ 200 մլն դոլար»:

Ինչ վերաբերում է վնասներին, ապա դրանք պայմանավորված են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որոնք, այսպես  թե այնպես,  Հայաստանն իր վրա զգալու էր՝ անգամ եթե ԵՏՄ-ի անդամ չլիներ:  Տնտեսագետների մի մասն էլ  կարծում է, որ  եթե անդամակցությունը չլիներ, ապա կթանկանար գազի գինը, Հայաստան եկող տրանսֆերտների վրա սահմանափակում կդրվեր , կկիրառվեին մեծ մաքսատուրքեր:

Չմտնելով ԵՏՄ, թե՞ ԵՄ բանավեճի մեջ՝ փաստենք միայն, օգուտների ու վնասների մասին հարցերը ոչ այնքան արտաքին ուժերի մեղքով են, որքան ներսի բացթողումների: Օրինակ, գազի գինը սահմանին նվազել է,բայց սպառողն իր գրպանի վրա դա այդքան էլ չի զգում: ԵՏՄ  շուկան բաց է մեզ համար, բայց բավարարում ենք շուկայի ընդամենը փոքր մասր: Ասել է թե՝ ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը:

Հետևությունը մեկն է՝ աշխարհաքաղաքական որ բլոկում էլ ուզում ես եղիր՝ եթե զարգացած տնտեսություն ունես, օրինավոր պաշտոնյաներ, հայրենանվեր իշխանություն և ճկուն դիվանագիտություն,  ապա ցանկացած  կառույցից էլ կարող ես օգուտներ քաղել, ինչպես այսօր  ԵՏՄ-ից փորձում է կորզել Բելառուսի նախագահը:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի  հայտարարությունը տարակույսներ է առաջացնում:Եթե ԵՏՄ-ն իրոք նպաստավոր կառույց է, ապա ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով այդ օգուտները չենք ստանում: Այսինքն՝ ո՞ւմ է ուղղված Սարգսյանի հայտարարությունը:

Իհարկե, նախկին վարչապետի այս խոսքերը նաև այլ կերպ կարելի է մեկնաբանել: Օրեր առաջ գրել էինք, որ  ԵՄ-ի համար արշալույսները խաղաղ չեն, քանի որ  Ֆրանսիան ևս, Անգլիայի օրինակով, կարծես պատրաստ է կամ պատրաստվում է լքել ԵՄ-ն: Մինչդեռ մենք այդ կառույցի հետ փաստաթուղթ ենք նախաստորագրել, ոգևորված խոսում ենք ինչ-որ ակնկալիքների մասին: Իսկ Մոսկվան, հավանաբար, հենց Տիգրան Սարգսյանի  բերանով ԵՄ-ի մոտալուտ անկումն է ակնարկում: