Ինչ է կատարվում Թուրքիայի և Իրանի միջև

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Ավելի խորը հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանի երկու խոշոր դերակատարների՝ Իրանի ու Թուրքիայի միջեւ, պետք է հասկանալ մի քանի պատմական եւ աշխարհաքաղաքական օրինաչափություններ: Ըստ էության, անցած դարավերջին ԽՍՀՄ-ի փլուզմամբ, իսկ այժմ ուկրաինական պատերազմով և, որպես դրա հետևանք, Ռուսաստանի թուլացմամբ պայմանավորված՝ պատմությունը սկսում է կրկնվել:
 
Ժամանակակից Իրանի կամ Պարսկաստանի մասին կարելի է խոսել Սեֆյանների դինաստիայի հաստատումից հետո, 1501 թվականից: Դրանից ի վեր օսմանցիների ու Սեֆյանների միջեւ մեկ տասնյակի չափ մեծ պատերազմներ են եղել՝ չհաշված ավելի մանր առճակատումները: Ո՞րն էր այդ պատերազմների շարժառիթը: Հիմնականում պատճառն աշխարհաքաղաքական էր. այսինքն՝ պայքար էր գնում ժամանակակից Իրաքի ու Հարավային Կովկասի ռազմավարական նշանակության տարածքների ու առևտրային հաղորդակցությունների համար:
 
Կարևոր դերակատարում ուներ նաեւ գաղափարախոսական հակամարտությունը: Օսմանյան Թուրքիայի գաղափարախոսական հենքը սունիականությունն էր, և երկիրը կառուցված էր իսլամի սկզբունքների վրա: Սուլթանը նաև խալիֆ էր, բոլոր մուսուլմանների հոգեւոր առաջնորդը: Իր տերությունը ևս գաղափարախոսության հիմունքներով կառուցելու համար Իրանն ընտրել էր շիականությունը՝ հակադիր գաղափարախոսությունը, և նրանցից յուրաքանչյուրը մյուսի տարածքում ուներ իր հետևորդները՝ մյուսի «5-րդ շարասյունը»: Հետևաբար՝ միմյանց համար նրանք նաև սպառնալիք էին՝ և՛ գաղափարախոսական, և՛ անվտանգային առումներով:
 
Թուրք-իրանական վերջին խոշոր պատերազմը տեղի էր ունեցել 1821-1823 թվականներին: Այ, այստեղ է ամենահետաքրքիրը. 1828 թվականից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը, օսմանցիների ու պարսիկների միջև պատերազմի ցանկությունը մարեց: Երրորդ ուժը լուծեց հիմնական կռվախնձորի խնդիրը, և Հարավային Կովկասում ձեւավորվեց որոշակի հավասարակշռություն:
 
Պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ երրորդ խաղացողի հայտնվելը որակապես փոխել է իրավիճակը: Հիմա գանք այսօրվա իրադարձություններին և տեսնենք, թե ինչ է կատարվում: Թուրքիայում ստեղծվել է Հարավային Ադրբեջանի վտարանդի կառավարություն, իսկ Իրանը Նախիջևանն իրեն միացնելու շարժում է ձևավորում, ևեւ երկու կողմերում զորավարժություններ են ընթանում:
 
Սա պայմանավորված է Ռուսաստանի թուլացմամբ, որի արդյունքում, կարծես թե, վերսկսում է 1821-1823 թվականների պարսկա-օսմանյան պատերազմից հետո դադարեցված պայքարը Հարավային Կովկասի համար: Իրաքում և Սիրիայում նույնպես Իրանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը վերսկսել է: Դրանք միմյանց հետ փոխկապակցված հակամարտություններ են: Թուրքայի կողմից հիմա հանդես է գալիս Արևմուտքը՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ, և պայքարը, ինչպես հասկանում ենք, Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք հաղորդակցությունների համար է ծավալվում:
 
Ըստ «ռեալ-պոլիտիկի» տեսության, որևէ երկիր՝ ուժեղանալով, մյուսի գոյությանը սպառնում է այնքան ժամանակ, մինչև չի հանդիպում հակառակ կողմի դիմադրությանը: Ռուսաստանի թուլացման պատճառով Թուրքիային դիմադրություն է ցույց տալիս Իրանը: Մենք պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այնքան են առաջ գալու դեպի Հայաստանի տարածք, մինչև հանդիպեն դիմադրության: Եվ այդժամ մեզ կաջակցեն այն երկրները, որոնք մտահոգություն կունենան Թուրքիայի ու Ադրբեջանի տարածապաշտությունից: