Դիմում ենք Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին՝ առաջարկով

Հայաստանում վերջին շրջանում քննարկվում է ՀԱՊԿ-ում մնալու հարցը: Մինչդեռ հարցի էությունը շատ ավելի խորքային է, քան թվում է: Իրականում խնդիրը պայմանավորված է քաղաքակրթական խզումով: Երբ ետխորհրդային երկրներում դեռ նոր էին ձևավորվում ռազմաքաղաքական դաշինքները, այդ երկրները, ժողովուրդները, ընտրանիները կրողն էին իրենց բնական քաղաքակրթական համակարգերի, որոնցում դավաճանությունը մեծագույն հանցագործություն է մարդկայնության հանդեպ, իսկ դաշնակցին ուխտադրուժ լքումը՝ դավաճանության ծանրագույն դրսևորում:
 
Հետագա տարիներին բոլոր այդ երկրների ընտրանիները վերակողմնորոշվեցին դեպի տրամագծորեն հակառակ փիլիսոփայություն՝ հանուն շահի, կարելի էր դեն նետել ցանկացած դաշնակցային հարաբերություն, գնալ ցանկացած գործարքի:
 
Այս նոր քաղաքակրթական հարթությունը առաջին հերթին յուրացրեց Ռուսաստանը իր ընտրանիների նեղ (Պուտինը և մերձավոր շրջանակը) և լայն՝ (ընդհուպ՝ Մարգարիտա Սիմոնյաններ, Սերգեյ Կուրղինյաններ, Ստանիսլավ Տարասովներ, Մոդեստ Կոլերովներ, Վլադիմիր Սոլովյովներ, Վիկտոր Կորոտչենկոներ և այլն) շրջանակներով, իսկ հետո այն ծավալվեց բոլոր մյուս երկրներում: Հայությունը չի կարող հանդուրժել ոչ այդպիսի Հայաստան, ոչ այդպիսի Ռուսաստան, ոչ այդպիսի դաշնակցային, իրականում, դավաճանական, հարաբերություններ: Ոչ որպես ՀԱՊԿ, ոչ որպես ՆԱՏՕ, ոչ ՄԱԿ, ոչ ԵԱՀԿ, ոչ ԱՊՀ և ոչ նմանատիպ գոյություն ունեցող կառույցներ։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ թե Հայաստանն, ու հայությունը, թե տարածաշրջանային երկրներն ու ժողովուրդները, և թե աշխարհը կարիք ունեն անվտանգության համակարգերի, որոնք խարսխված են քաղաքակրթական մարդկային համակարգերի վրա:
 
Մասնավորապես այդպիսի հայտ է փորձում ներկայացնել Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ): Սակայն, թե՛ հայությունը և թե՛ մյուս ժողովուրդները տեսնում են, որ այդ կառույցում էապես ներկայացված են այն երկրները և ընտրանիները, որոնք դավաճանությունը դարձրել են ապրելակերպ, եկամուտի աղբյուր: Ուստի մենք դիմում ենք կառույցի ազդեցիկ, հինավուրց քաղաքակրթությունը ներկայացնող, Հնդկաստանին, Չինաստանին և Իրանին, առաջարկով՝ պարզել ՇՀԿ անդամ պետությունների քաղաքակրթական կողմնորոշումը և մասնակից բոլոր ժողովուրդների աջակցությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կառույցում դավաճանությունը բացառող քաղաքակրթական հիմքեր ապահովելու համար:
 
Հաշվի առնելով ՇՀԿ կարևորությունը եվրասիայի և մոլորակի, ողջ մարդկության անվտանգության ապահովման գործում, հույս ենք հայտնում, որ Հնդկաստանը, Չինաստանն ու Իրանը չեն հապաղի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Մեր համոզմամբ միայն այս մոտեցումը կապահովի նաև BRICS և այլ նոր ձևավորվող անվտանգության, համագործակցության միջազգային կառույցների գործունեությունը նույն սկզբմունքներով, դրանով իսկ երաշխավորելով մարդկության բնականոն կյանքը ներդաշնակ աշխարհում։
 
Հայության (Հայքի) քաղաքական խորհրդակցական խորհուրդ