Արդյո՞ք իշխանափոխության հույսեր է ունեցել Արա Աբրահամյանը

ԽՈՍՔԵՐԻՑ ԳՈՐԾԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

ՌԴ  հայերի  միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն այսօր, կարելի է ասել,  ընդդիմադիր հայտարարություն է արել: Ամիսներով լռելով, առողջական խնդիրները մեջտեղ բերելով՝ ՌԴ հայերի միության նախագահը ոչ միայն չի մասնակցել, այլև ծպտուն չի հանել հայաստանյան քաղաքական գործընթացների մասին: Նույնիսկ ինչ-որ կուսակցություն ստեղծելու ծրագրի մասին իր խոստումը դրժեց: ՈՒ հանկարծ, ընտրություններից մեկ ամիս  անց, նա հայտարարում է, թե իր համար անսպասելի էին ընտրության արդյունքները: Չի ասում, թե իր սպասելիքը որն է եղել, բայց ակնարկում է, թե ժողովուրդը հնարավորություն ուներ ինչ-որ բան փոխելու, բայց ...

Ավելին՝ գործարարը դժգոհել  է նաևՀայաստանի ներդրումային միջավայրից, այն դեպքում, երբ  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը քայլեր է անում դաշտն աշխուժացնելու, վստահություն ստեղծելու: Մինչդեռ նախկինում, երբ վիճակն ավելի վատ էր, ՌԴ հայերի միության նախագահն այսպես չէր խոսում, այսպես  կտրուկ տրամադրված չէր:

Գործարարի  այս հայտարարությունից տպավորությունն այն է, որ վերջինս իշխանափոխության հույսեր է ունեցել, հատկապես նոր ընտրական համակարգի հաստատումից հետո: Դա են վկայում նրա այն խոսքերը, թե ժողովուրդն ուներ շանս ինչ-որ բան փոխելու: Թե կոնկրետ ո՞ր ուժի հետ է  հույսեր կապել՝կարելի է ենթադրել: ՈՒ, թերևս, նրա այսքան հիասթափված խոսքն էլ հենց այդ ուժի (գուցե նաև՝ ուժերի) պարտության հետևանք է:

Դեռ չեն մարել խոսակցությունները, որ Արա Արշավիրովիչը ստվերայնորեն Արթուր Բաղդասարյանի կուսակցությանն է աջակցում. դե, քավոր-սանիկական ակտիվացած հարաբերություններն այդ էին հուշում: Հետո նրա անունը կապվեց նաև ՕՐՕ դաշինքի հետ, որի ետևում լրատվամիջոցները  ՀՀ 2-րդ նախագահին էին տեսնում: Սակայն Աբրահամյանի տեղակալները հերքում էին այդ  լուրերը:

Լինելով զգուշավոր անձնավորություն և չգերագնահատելով իր ինտելեկտուալ հնարավորությունները՝ Արա Աբրահամյանը  հազիվ թե նման կտրուկ գնահատականներ հնչեցներ: 

ՌԴ հայերի միության նախագահը մշտապես հայտարարում է, թե օր ու գիշեր հայ ազգի մասին է մտածում, ամեն ինչ անում է՝ երկրում ինչ-որ բան փոխելու համար:  Այսօր էլ նույնը կրկնեց  Արա Արշավիրովիչը, բայց նաև հավելեց, թե իշխանությունների հետ հանդիպելիս ասում է այս ամենի մասին ու նույնիսկ ավելի խիստ է ասում:

Հայաստանյան լրատվամիջոցները բազմիցս  հորդորել են   հայ բիզնեսմենին՝  ավելի կոնկրետացնել  իր օգնությունը մեր երկրին. օրինակ,  ներդրումներ անել որևէ ոլորտում, բիզնես ծրագրեր կյանքի կոչել: Եթե հիմք ընդունենք այս խոսքերը, գուցե  կառավարությունը՝ հանձին վարչապետ Կարեն Կարապետյանի, ով գործի մարդ է, հստակ պահանջ է դրել Արա Աբրահամյանի առաջ՝  խոսքից գործի անցնել: Աբրահամյանն էլ, հանավաբար, իր ներդրումների դիմաց երաշխիքներ է պահանջել, որի մասին նա հրապարակավ հայտարարեց՝ Լիբիայում իր անհաջող ներդրումային գործարքը հիշելով:

ՀԳ. Այսօր Արա Աբրահամյանը պետք է հանդիպի  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հետ՝ նրան իր  բիզնես ծրագրերը ներկայացնելով: Հավանաբար, որոշ ժամանակ անց պարզ կլինի՝ Աբրահամյանը կշարունակի նույն ոգով  դարդլամիշ լինել Հայաստանի համար, թե կնախընտրի, այնուամենայնիվ,  բիզնես գործունեություն ծավալել  արտերկրում: