Ադրբեջանի զանգվածային հարձակումը Հայաստանը դարձրեց աշխարհի կիզակետը
Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Անցյալ շաբաթ Հայաստանի արևելյան սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի զանգվածային հարձակման ժամանակ զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր և խաղաղ բնակիչ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հավելյալ տարածքներ է զիջել Ադրբեջանին։
Ադրբեջանական կողմի հրահրած այս հարձակումը հաջորդում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, երբ Ադրբեջանը բռնագրավեց Արցախի մեծ մասը և սպանեց հազարավոր հայ զինվորներ։
Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Արցախի հայ բնակչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական զինուժը Հայաստանի սահման ներթափանցել է 2021 թ․ մայիսի 12-ին և մինչ օրս այնտեղ է։
Հանդիպելով քաղաքականապես և ռազմական առումով թույլ Հայաստանին՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, բիրտ ուժ կիրառելով ճնշում է գործադրում հավելյալ զիջումներ կորզելու համար, որոնք ներառում են արցախահայության մնացորդների վերացումը և ավելի մեծ հայկական տարածքների բռնագրավումը։ Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս պնդում է, որ Հայաստանն ընդունի այն, ինչը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք», որը ենթադրում է ադրբեջանական ինքնիշխանություն Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի միջով անցնող ծրագրված ճանապարհի վերաբերյալ:
Մինչ Հայաստանի վարչապետը շարունակաբար հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու իր ցանկության մասին, այս երկու թշնամական երկրները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել՝ ուժով հասնելու իրենց պահանջներին։
Հայաստանն ակնկալում է պաշտպանված լինել ՀԱՊԿ-ի կողմից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), որի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀԱՊԿ-ը փոխադարձ պաշտպանության պայմանագիր է, որը բոլոր անդամներից պահանջում է պաշտպանել իրենցից որևէ մեկին արտաքին ուժի հարձակումից: 2020 թ․ պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Արցախը, քանի որ այն Հայաստանի մաս չէր կազմում։ Թեև անցած շաբաթվա հարձակումը ակնհայտորեն Հայաստանի տարածքում էր, ՀԱՊԿ-ը չհասավ Հայաստանին պաշտպանության։
Ուկրաինայում ռուսական ուժերի ներգրավվածության պատճառով նախագահ Պուտինը չի ցանկանում է, ոչ էլ ի վիճակի է իր զորքերը ուղարկել երկրորդ ռազմաճակատ։ Ընդհակառակը, Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, որոնք Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը, հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեկուսացված է արևմտյան աշխարհից։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի այլ ղեկավարների հետ միասին հավաքվել էին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հայերը հուսալքվել էին Պուտինի և Ալիևի խիստ սիրալիր հանդիպման և Պուտինի ու Էրդողանի թևանցուկ զբոսանքի տեսանյութերը դիտելուց: Առաջին անգամ Հայաստանի կառավարության մի քանի բարձրաստիճան անդամներ իրենց հիասթափությունն արտահայտեցին ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ, այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ներկայիս նախագահն է։
Հայաստանի հարևան երկրներից երկուսը ցույց են տվել իրենց փոխադարձ հակասական դիրքորոշումները՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Իրանը իր զորքերը կուտակել է Հայաստանի հարավային սահմանին և բազմիցս հայտարարել, որ անընդունելի է բռնի ուժով Իրան-Հայաստան սահմանի փոփոխությունը։ Մյուս կողմից, Թուրքիան իր զորքերը կուտակել է Հայաստանի արևմտյան սահմանին այն բանից հետո, երբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին՝ կեղծորեն դատապարտելով Հայաստանին Ադրբեջանի վրա հարձակում նախաձեռնելու համար:
Հայերը գոհ էին, որ միջազգային հանրությունը վերջապես սկսեց ուշադրություն դարձնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված հարձակումներին։ Ֆրանսիայի հրավերով և Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցած շաբաթ երկու նիստ անցկացրեց՝ մեկը բաց, մյուսը փակ՝ քննարկելու Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Հայերը դժգոհ էին, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր բացառապես Ուկրաինայի պատերազմի վրա՝ անտեսելով Հայաստանի ծանր վիճակը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները (Ֆրանսիա, Հնդկաստան, Ալբանիա, Գաբոն, Նորվեգիա, Իռլանդիա, Քենիա, Չինաստան, Մեքսիկա, Գանա, Բրազիլիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ և Ռուսաստան), ի հավելումն Հայաստանի և Ադրբեջանի, ելույթ ունեցան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Միայն Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան իրավիճակը որակեցին որպես հարձակում Հայաստանի սահմանների ներսում։ Խորհրդի մնացած անդամները հորդորեցին Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց Ադրբեջանին որպես նախահարձակ անվանելու։
Մեկ այլ դրական զարգացում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի անակնկալ այցը Հայաստան, Կոնգրեսի երեք այլ հայամետ անդամների հետ միասին։ Հաշվի առնելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ հիասթափությունը՝ հայերը ջերմորեն ընդունեցին խոսնակին, որը հանդես եկավ շատ աջակցող ուղերձով՝ դատապարտելով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման համար։ Երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյային՝ Փելոսիին տեսել են արցունքն աչքերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Նա նաև այցելել է խորհրդարան, հրավիրել ասուլիս և հանդիպել պաշտպանության նախարարի ու վարչապետ Փաշինյանի հետ։
Ողջունելի զարգացում է Հայաստանի հարաբերությունների ընդլայնումը հնարավորինս շատ աջակից երկրների հետ։ Սակայն ոչինչ չի կարող փոխարինել Հայաստանի՝ սեփական զինված ուժերն ուժեղացնելու միջոցով պաշտպանվելու կարողությանը։ Ուրիշ ոչ ոք դա չի անի Հայաստանի համար։ Հայերը պետք է հրաժարվեն այն համոզմունքից, որ նրանց կփրկի դրսի ուժը՝ լինի դա ռուսը, թե ամերիկացին։ Ոչ ոք չի փրկել և չի փրկելու։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի