Ինչո՞ւ են արգելում այրել տները. զարգացումներ Արցախի Աղավնո գյուղի շուրջ
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔ․ ԱՂԱՎՆՈՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Նոր միջանցքի գործարկմամբ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս է գալու Աղանուս համայնքը»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Ստեփանակերտը շարունակում է քննարկել Լաչինի միջանցքի նոր երթուղու, Բերձոր, Սուս և Աղավնո (ադրբեջաներեն անվանումը՝ Զաբուխ) բնակավայրերի Ադրբեջանին հանձնելու թեման: Նախորդ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ օգոստոսի 25-ին միջանցքն ու շրջակա բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին:
Ադրբեջանը Լաչինի միջանցքն ազատելու պահանջ էր ներկայացրել վերջին ագրեսիայի օրերին ռուս խաղաղապահների միջոցով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ նոր միջանցքի նախագիծը կողմերը պետք է համաձայնեցնեին երեք տարում: Ադրբեջանը նախագիծ չի համաձայնեցրել, իր մասով շինարարությունն ավարտել է ու ներկայացրել երթուղու փոփոխության պահանջ:
Լեռնաին Ղարաբաղ-Հայաստան նոր երթուղին անցնելու է Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով: Այն գործելու է Լաչինի միջանցքի տրամաբանությամբ՝ 5 կիլոմետրանոց հատվածում տեղակայվելու են ռուս խաղաղապահները: Ճանապարհի՝ դեպի Կոռնիձոր տանող հատվածը դեռևս կառուցված չէ: Մինչ այդ քաղաքացիները երթևեկելու են 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով:
Տևական լռությունից հետո քննարկումներ են ընթանում նաև Հայաստանում: Իշխող թիմն ասում է՝ պետք չէ Ադրբեջանի սադրանքների համար մեղադրել Հայաստանի իշխանություններին: Ընդդիմությունը պնդում է՝ «գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռքբերված համաձայնությունների հետ»:
Ի՞նչ զարգացումներ կան Աղավնոյի շուրջ, ինչո՞ւ են արգելում հեռանալիս այրել տները, ինչպե՞ս է լուծվելու ենթակառուցվածքների հարցը
Բերձորի և Սուսի ճակատագիրը պարզ էր դեռևս 2020 թ.-ի նոյեմբերից: Ինչ վերաբերում է Աղավնո գյուղին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մինչև վերջերս հայտարարում էին, թե բանակցում են գյուղը հայկական կողմի վերահսկողության տակ պահելու համար:
- Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք բանակցությունները, մեր պայքարը,- հունիսի վերջին հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ելնելով զարգացումներից՝ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունք չեն տվել:
Բերձորում, Սուսում և Աղավնոյում 100 ընտանիք է բնակվում: Արդեն մի քանի օր է, ինչ իրերն են հավաքում: Տարածքը լքելու համար քիչ ժամանակ ունեն՝ մինչև օգոստոսի 25-ը: Թե ուր են գնալու՝ պարզ չէ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ էր այցելել օգոստոսի 5-ին՝ քննարկելու բնակչության տարհանման հարցերը: Խանումյանը նաև ժամկետ էր հնչեցրել՝ օգոստոսի 25-ը: Ի նշան բողոքի՝ Բերձորի մի խումբ բնակիչներ փակել էին քաղաք տանող ճանապարհը:
Կառավարությունը բնակվարձ և սերտիֆիկատ է խոստանում
Իշխանությունները խոստացել են արցախցիներին տեղավորել ԼՂ-ի այլ տարածքներում կամ Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում:
- Այն ընտանիքները, որոնք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, կստանան բնակարան գնելու սերտիֆիկատ, իսկ մինչ այդ՝ բնակարանի վարձավճարի փոխհատուցում,- հայտնել է Հայկ Խանումյանը:
Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների մոտ 25-30 տոկոսը ցանկություն է հայտնել մնալ Արցախում:
Նրանք, ովքեր մտածում են Հայաստանի մարզեր տեղափոխվելու մասին, վստահ չեն, որ կկարողանան 10 մլն դրամի սերտիֆիկատով տուն գնել:
Ինչպե՞ս է լուծվելու ենթակառուցվածքների հարցը
Օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու ոչ միայն Լաչինի միջանցքը, Բերձորը, Սուսն ու Աղավնոն, այլև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մտնող ենթակառուցվածքները՝ գազը, էլեկտրաէներգիան, կապուղիները: ԼՂ-ի իշխանություններն ասում են՝ ժամանակավոր է, կտեղափոխեն: Իսկ ի՞նչ է լինելու մինչ այդ՝ դեռևս անհայտ է:
Արցախի Տարածքային ենթակառուցվածքների նախարարն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ արդեն իսկ ընթանում են կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի անցկացման աշխատանքներ, դրանք նախատեսում են ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Գազի վերաբերյալ որևէ բան մինչ այս պահը չի հաղորդվել:
Հայկ Խանումյանի խոսքով՝ գործող ճանապարհի դեպքում ևս ենթակառուցվածքների մեծ մասն անցնում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներով: Ըստ նրա՝ հարցը կարգավորելու համար անհրաժեշտ են «բանակցություններ և ռուս խաղաղապահների գործուն մասնակցությունը»:
Ինչի՞ համար է «տներն այրելու արգելքը»
ԶԼՄ-ների հետ զրույցում Աղավնոյի բնակիչներն ասել էին, որ իրենց հրահանգել են հեռանալիս տներն անվնաս թողնել ու զգուշացրել՝ այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա:
Նախարար Հայկ Խանումյանը տներն այրելուն դեմ է: Օրինակ է բերում ԼՂ-ի Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքը: Բնակիչները հրդեհել էին տները, ավելի ուշ պարզվել էր, որ բնակավայրը մնալու է հայկական կողմի վերահսկողության ներքո: Խանումյանի խոսքով՝ այսօր Չարեքտարը վերականգնելու համար պետությունը միլիոնավոր դրամներ է ծախսում:
Ասում է՝ սա է պատճաը, որ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին արգելել են հրդեհել տները:
Նախարարը հայտնել է, որ նոր երթուղու գործարկմամբ հայկական կողմի վերահսկողությանն է վերադարձվելու Աղանուս համայնքը՝ Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն և Մարաթուկ բնակավայրերը․
- Բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչև 2020 թվական: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր հանգիստ կարող էինք մարդկանց բնակեցնել, բայց այսօր այնտեղ միայն այրված պատեր են ու ավերակներ:
Խանումյանն ընդգծել է՝ Աղավնո գյուղը միջանցքի նոր երթուղուն շատ մոտ է, և հույս հայտնել, որ եթե իրավիճակը փոխվի հօգուտ հայկական կողմի, Աղավնո վերադառնալիս այրված տներ չի տեսնի:
(JAMnews)