Դաշնակցականների աչքը լույս՝ ծառը պտուղներ է տալիս
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԲՅՈՒՐԵՂԱՆՈՒՄ Է
Սահմանադրական բարեփոխումներից, ԱԺ-ի ընտրություններից հետո թվում էր, թե դաշնակցականների խորհրդարանական կառավարման համակարգը դեռ չծնված՝ կարծես վիժեցվեց: Ըստ էության, ԱԺ-ի ընտրությունները մի շարք կուսակցությունների համար դարձան փորձաքար: Նախ, ոչ բոլորը կարողացան կցվել խոշոր կուսակցություններին՝ մանդատ ստանալու ակնկալիքով, երկրորդ՝ ընտրություներում հինգ կուսակցություն ու դաշինք էլ պարտվեցին: ՈՒ արդեն իսկ ասողներ կան, թե ներկայիս խորհրդարանը նախորդից անգույն ու միատոն է:
Չկա չարիք, առանց բարիք՝ ասում է ժողովրդական իմաստնությունը: Այսօրվա իրադարձությունը, թերևս հենց այդ տրամաբանության ծրջանակում է: Ավելին՝ դաշնակցականների աչքը լույս, որոնք օր ու գիշեր սազն առած գովերգում էին խորհրդարանական կառավարման համակարգը: Ու հիմա կարծես իրենց տնկած ծառը պտուղներ է տալիս: Բանն այն է, որ սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցություններն այսօր հանդես են եկել միացյալ քաղաքական խորհուրդ ձևավորելու և ընդհանուր օրակարգ մշակելու մասին հայտարարությամբ:
«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը մանրամասնել է, թե որն է միավորման նպատակը: Ստեղծել գաղափարական ընդդիմություն, ակտիվ աշխատել, մասնակցել 2022 թ-ի ԱԺ-ի ընտրություններին: Թե ինչքանով կհաջողվի մինչև հաջորդ ընտրություններ պահպանել քաղաքական այս «ամուսնական ուխտը»՝ կտեսնենք: Սակայն այսօր արդեն հստակ է «օրվա հերոս» երկու կուսակցությունների տարբեր լինելը:
«Հայազնը» ավելի արմատական է տրամադրված, կողմ է փողոցային պայքարի, մինդեռ ՍԴՀԿ-ը գոնե վերջին տարիներին զսպված կեցվածք է դրսևորել, չի ընդունում զինված ապստամբությամբ հարցեր լուծելու պրակտիկան: Իհարկե, ընդհանրություններ ևս կան՝ երկու կուսակցություններն էլ կարևորում են ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեքները: Ժամանակը ցույց կտա, թե այս երկուսի նմանություններն ուտարակարծություններըի՞նչ «ոսկե միջին»կձևավորեն, կամ՝ կձևավորե՞ն արդյոք: Ֆիզիկայի օրենքներով, օրինակ, տարանուն լիցքերը ձգում են միմյանց:
Այսպես թե այնպես՝ չենք կարող չարձանագրել, որ Հայաստանում սկիզբ է դրվում կուսակցությունների խոշորացմանը, ինչու չէ,նաև՝քաղաքական ուժերի բյուրեղացմանը:
Փաստ է նաև, որ միացումը առաջիկա 5 տարիներին քաղաքական օթյակներում տեղ զբաղեցնելու համար չէ՝ ինչպես հավաստիացրել են լիդերները: Ու եթե ԱԺ-ից դուրս մնացած այլ քաղաքական ուժերի հետ, կամ առանձին «Հայազն»-ն ու ՍԴՀԿ-ն ակտիվ արտախորհրդարանական գործունեություն ծավալեն, ժողովրդին հուզող խնդիրները լսելի դարձնեն իշխանությանը, կարողանան նպաստել ժողովրդաշահ որոշումների կայացմանն ու ազգանպաստ օրենքների ընդունմանը՝ մշտապես զգոն պահելով իշխանություններին՝ դա կդառնա այն սահուն ճանապարհը, որով անսայթաք կհասնեն 2022-ին ձևավորվելիք խորհրդարան: