Սյունիքը՝ հետաքրքրության կիզակետ

ՄԱԿ-Ը ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ, ԻՐԱՆԸ՝ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը  պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում խոսել է նաև ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների հաճախակիացած այցերի մասին։ 
 
Ի մասնավորի նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ իրականացվող ՀՀ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանն է այցելել Սյունիքի մարզ։ Ավելին՝
 
- ԱՄՆ-ի հետ Հայաստանն ունի հարաբերություններ, և բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Այդ ծրագրերի շրջանակում ԱՄՆ դեսպանն այցելել էր Սյունիքի մարզ: Նույն օրը կամ նախորդ օրը, եթե չեմ սխալվում, ԵՄ դեսպանն էր եկել եվրոպական 6 երկրների դեսպանների հետ․ քննարկվել են սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրեր: Առաջիկայում նախանշված են ևս 4 դեսպանների այցեր մարզ, որոնց օրակարգում դարձյալ մարզի սոցիալ-տնտեսական հարցերն են լինելու։
 
Հանդիպել եմ նաև ՌԴ դեսպանի հետ, քննարկել ենք տարբեր հարցեր, հիմնականում տնտեսական և սոցիալական բնույթի: Դրան նախորդել են այլ երկրների դեսպանների այցեր, այդ թվում՝ Իրանի: Դուք տեղյակ եք, որ մոտ ապագայում Կապանում կլինի հյուպատոսարան,- ասել է Ղուկասյանը:
 
Մարզպետը նշել է, որ Իրանը շահագրգռված է Սյունիքում տարբեր ծրագրեր իրականացնել, և դա նա ողջունելի է համարում:
 
- Իրանի տնտեսական ներուժը մեզ համար շատ կարևոր է: Շուտով կունենանք մարզպետարանում համապատասխան մասնագետ, որը կզբաղվի Սյունիք-Իրան հարաբերություններով:
 
Բացի այս՝
 
- Մենք պայմանագիր ունենք կնքած Պարենի համաշխարհային ծրագրի հետ՝ շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարի, և իրենց ներկայացուցիչը գտնվում է մարզպետարանում, տրամադրվել է տարածք։ 
 
Շուտով նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կունենա գրասենյակ, կնքվել են համագործակցության հուշագրեր,- հավելել է մարզպետը։