Ի ՊԱՇՏՈՆԵ՝ ՀԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆԻ

Ընտրակաշա՞ռք էր, թե՞ պարտականությունների կատարում

Երևանի ավագանու երեկվա նիստիօրակարգն ուշարժան է ավագանու քարոզարշավի  այս շրջանում: Օրակարգի  հարցերի մեծ մասը  միլիոնների հասնող գույքահարկի մասով ինչ-ինչ կազմակերպությունների համար արտոնություններ սահմանելն էր,  տասնյակ քաղաքացիների միանգամից մի քանի բնակարան ու տարածքներ անհատույց սեփականաշնորհելը

Իհարկե, գործող քաղաքապետը, ով ավագանու ընտրություններին մասնակցում է  որպես քաղաքապետի թեկնածու, կարող է ասել՝ ավագանին է այդպես որոշել: Բայց անգամ այդ դեպքում հարց է ծագում՝  նախընտրական այս շրջանում ավագանու անդամները հաշվի չե՞ն առել, որ դա երկակի ընկալում կարող է: Մասնավորապես՝  որպես ընտրակաշառք:

Զարմանալին նաև  այն է, որ  լռում են նաև Տարոն Մարգարյանի մրցակիցները՝  «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը,  «Երկիր Ծիրանի»կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Միգուցե այնքան  տարված են իրենց քարոզարշավով, որ ժամանակ չունեն դրան արձագանքելու:

Հետաքրքիր է նաև ԿԸՀ-ի կեցվածքը: Վերջինս շատ ակտիվ  ԱԺ-ի ընտրություններում հետևում էր ընտրողների հետ թեկնածուների հանդիպումներին: Ու եթե  տեսնում էր,  որ  ընտրակաշառքի բաժանումն արգելող օրենքը   խախտվում էր՝ արձագանքում էր անմիջապես: Իսկ հիմա՝ ձայն բարբառո հանապատի: Միգուցե ավագանու ընտրություններն ԱԺ ընտրությունների նման   միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում չե՞ն ու  պետական մարմինները որոշել են ա՞չք փակել այս ամենի վրա:

Պետական մարմինները՝ գուցե, բայց ոչ երբեք՝ իր քաղաքի ճակատագրով մտահոգ երևանցին: Ընդ որում՝ դեռևս չկողմնորոշված շատ քաղաքացիներ, ովքեր ուշիուշով հետևում են քարոզարշավին, որ որոշեն, թե ում տան իրենց քվեն:

Այո, իշխանությունը ուժ է, և ո՛ւժն է ծնում իրավունք: ՈՒ եթե նույնիսկ Երևանի քաղաքապետի ամենահավանական ֆավորիտը գործող քաղաքապետն է, ապա կուզենայինք, որ պաշտոնավարման նոր ժամկետում իր ուժը բազմապատկի ոչ միայն թիմակիցների, այլև շարքային երևանցիների սիրով: