ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺ Է
Հայաստանը կստեղծի ռազմական բլո՞կ
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Այս մասին Հայաստանում հայտարարել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:
Հայտարարությունը պատահական չէ, քանի որ Հնդկաստանը լարված հարաբերություններ ունի Պակիստանի հետ: Վերջինս էլ՝ ռազմատեխնիկական համագործակցություն՝ Ադրբեջանի հետ:
Ընթերցողը գուցե հարցնի՝ ինչ կապ ունեն Պակիստան-Հնդկաստան լարված հարաբերությունները հայ-հնդկական հարաբերությունների հետ: Ուղիղ կապ, իհարկե, չկա, բայց Պակիստանը տարբեր համաժողովներում Բաքվի հրահանգով քննադատում է Հայաստանին: Ավելին՝ մինչ օրս այդ երկիրն անգամ չի ճանաչել Հայաստանի անկախությունը՝ չնայած Պակիստանի մանդարիներն անարգել հայկական շուկա են մտնում:
Այս համատեքստում հայ-հնդկական ռազմական համագործակցությունը հասկանալի ու փոխշահավետ է դառնում: Ընդ որում, Հայաստանի ռազմական համագործակցությունը միայն Հնդկաստանի հետ չէ: Արդեն մի քանի տարի է, որ ռազմական համագործակցություն կա Հայաստանի և Հունաստանի միջև՝ թեև երկու երկրները ռազմական տարբեր միավորումների կազմում են:
Թե ինչպես կառարկայանա երկու երկրների նոր համագործակցությունը՝ պարզ կլինի ժամանակի ընթացքում, բայց մի բան ակնհայտ է՝ Հայաստանն աստիճանաբար թոթափում է Ռուսաստանի կցորդի անարժանապատիվ համարումը, միջազգային ասպարեզում ամրապնդում իր դիրքերը և ընկալվում է որպես ինքնուրույն սուբյեկտ:
Ի դեպ, գուցե երազանք թվա, բայց ապրիլյան պատերազմից հետո խոսակցություններ կային ՀԱՊԿ-ից,ՆԱՏO-ից հետո Հայաստանի նախաձեռնությամբ ռազմական երրորդ բլոկիստեղծման մասին: Հուսանք՝ դա մոտ ապագայում իրականության կդառնա: