Ուրեմն՝ վեր կաց և քայլիր

Ո՞վ չի տեսնում ու զգում Արցախյան պատերազմում կատարվածը և դրա հետևանքները։ Ո՞վ չի տեսնում և՛ պատերազմի, և՛ դրա այստեսակ ողբերգական ավարտի պատասխանատուին։ Ախր սա այնքան ակնառու է, որ զարմանալի է մեր հայրենակիցների այն զանգվածի դիրքորոշումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի կառավարել և տնօրինել մեր պատմական հայրենիքի ճակատագիրը։ Այն, ինչ արեց, քի՞չ էր։
 
Քովիդի համավարակը, որը պինցետով հանելու էր, «արաղով» մաքրելու ու չգիտեմ էլ ինչ կախարդական փայտիկով վերացնելու էր, բերեց մի քանի հազար մեր հայրենակիցների անխուսափելի մահվան, իսկ նրա սեփական անհեռատեսության, կառավարման համակարգը ձախողելու հետևանքով մեկնարկած սանձարձակ ու հայատյաց պատերազմը հանգեցրեց մի հանգրվանի, որտեղ կանգնել ենք շիվար ու տարակուսում ենք՝ ո՞վ էր ավելի հայատյաց՝ Ալիևը՞, թե նա։
 
Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, փաստորեն, օկուպացվեց պատմական Արցախի տարածքի 75 տոկոսը, տեղահան արեց մեր հայրենակիցներին, անհավասար կռվի անհավասար թշնամական նժարը իջեցրեց մինչև վերջ՝ դատապարտելով մեզ խայտառակության ու ողբի։ Մեր հազարավոր հերոսների հեղած արյան վրայով այսօր քայլում է թշնամին, և մեր հազարավոր հայրենակիցներ հնարավորություն չունեցան իրենց հերոսներին հողին հանձնել։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի չգիտեմ՝ հիմարությա՞ն, թե՞ դավաճանության շնորհիվ։ 
 
Նույն մարդու (առնվազն՝ նրա անգործության) պատճառով Սյունիքն այսօր կանգնած է մեկ դար առաջ պատուհասած արհավիրքի վտանգի առաջ և մի կերպ դիմակայում է թշնամուն՝ պահելով դիրքերը ինքնապաշտպանական ջոկատներով։ Իսկ Նիկոլը գիտի՞, թե ինչ է կատարվում Դավիթ Բեկ գյուղում, դո՞ւք էլ չգիտեք... 
 
Մեր սրբավայրերը Արցախում գերեվարվեցին հանց Արարատը մեր։ Իսկ ինչե՜ր-ինչեր չթվեցի, թվեք դրանք իմ փոխարեն՝ մտոք։ Երկուսուկես տարի «նախկինները քըխ են» ասելով առաջ է տանում մի ողջ ազգի, ու ազգը չգիտեմ ինչու չի ասում, եթե նախկինները լավը լինեին, դու այդ սուպերվարչապետական կոստյումն անգամ երազում չէիր տեսնի։ Իսկ ի՞նչ ես դու արել քո ռեպրեսիաներով լեցուն ու սեփական Ես-իդ ընչաքաղցության բավարարման երկուսուկես տարիներին։ Ի՞նչ ես արել։ «Սու»եր՝ սելֆիի համար, Արտակարգ դրություն՝ որ գերագույն հրամանատար կոչվես... Ձերբակալել ես Քոչարյանին, Մանվելին, Սերժին, որ դրանով քեզ զորեղ զգաս... բա Ծառուկյանի՞ն ինչու կպար, երբ նա է քեզ վարչապետ դարձրել… Քո՞ համար է արել, ոչ՝ ժողովրդի համար, ժողովուրդն էր քեզ բերել, իր գրկում, տաքուկ, ապահով ու բնական է, որ Ծառուկյանը պիտի հարցեր բարձրացներ ու դներ քո առաջ, որովհետև դու այլևս ժողովրդի շահերը չէ, որ պաշտպանում էիր... 
 
Հարցերին պատասխան չունեիր ու որոշեցիր ազատվել, միևնույն ժամանակ «պոռալով», թե ինքդ քաղբանտարկյալ ես եղել։ Տասնամյակներ շարունակ ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանին մեղադրել է հազարումի բանի մեջ, իսկ դու ձերբակալեցիր Մարտի մեկի համար, շատ հստակ նպատակով, մի հանցանքի համար երկու մեղավոր լինել չի կարող, եթե Քոչարյանը դատապարտվի, դու կարդարացվես։ Քեզ, ինչպես ամեն տեղ, այնպես էլ այստեղ քո շահն է բերել, մինչդեռ միամիտ ազգը կարծում է, թե դու մեղավորներ ես փնտրում ազգի սոցիալական և այլ շատ ասպարեզների նման սարսափելի վիճակի համար։ 
 
Քո կառավարությունը առաջինը քարկոծեց գիտությունների ակադեմիան, գիտությունների ակադեմիա՛ն, Նիկո՛լ։ Ազգակործան մարդ, ոչ վաղ անցյալում մեր ղեկավարներին կոչում էին «Հայոց աշխարհի շինարար արքա» (խոսքը Կարեն Դեմիրճյանի մասին է), դու որտեղի՞ց եկար ու ո՞նց համարձակվեցիր ազգն այս վիճակի բերել։ 
 
Գիտությունը լճացել է, կրթությունը՝ ամենազարհուրելի վիճակում, որ երբևէ եղել է, դպրոցների ուսումնական ծրագրերը վերածվել են մի բանի, որ չգիտեմ՝ ինչպես որակել հանրային լսարանի առաջ։ Ազգային մշակույթը՝ գրականությունը, թատրոնը, կինոն և մյուս ոլորտները՝ պետական հոգածությունից դուրս։ Քո տխմար նախարարը, որ հիմա չգիտեմ թե ինչ խորհուրդներ է տալիս քեզ, բերեց սրան, դո՛ւ բերեցիր։ Դու Ստալի՞նն ես, ո՞վ ես դու, Նիկո՛լ։ Դու էլ էն ժպտերեսիկ «դեպուտատը» չես, որին 2015-ին ամբիոնի մոտ չէին թողնում երիտասարդ հասարակական գործիչները, որոնք գիտեին, որ եկել ես խոսես՝ ընտրաձայն վաստակես։ Ցավոք, այն ժամանակ ես քո մասին լավ կարծիքի էի ու քանիցս միջամտել եմ՝ ասել ձայն տվեք նրան, նա փորձառու է։ Ասել եմ ներքին զրույցներում, ասել եմ ամբոնից, ասել եմ հրապարակավ՝ մամուլում։ Բայց դու էլ էդ մարդը չես, քո մեջ հասարակ ոչինչ չկա, քո մեջ մութ խորհրդավորություն է ու անկանխատեսելի վտանգ։ 
 
Ախր, Նիկոլ, քեզ շատերը գիտեն, դու կարող ես խաբել քեզ, ապագայում գուցե քո զավակներին էլ, որ դու չես դավաճանել քո հայրենիքը, բայց քիչ թե շատ բանական և քո իշխանությունից (անիշխանությունից) սեփական շահ չունեցող մարդիկ կփաստեն, որ դու վարչապետի պաշտոնում անելիք չունես։ Դու Հայաստանո՛ւմ անելիք չունես։ Ասա, մնա՞ց Հայաստանում մի գյուղ ու քաղաք, որը չպահանջի քո հեռացումը, նայիր, նրանց թիվն օրեցօր աճում է։ Նախորդ բոլոր նախագահները, իմ կողմից շատ հարգված գործող նախագահը, հասարակական-մշակութային գործիչները, վանականները, մեր երկու Հայրապետները... ոչ ոք չի կարողանում այլևս տանել քեզ, թեպետ կեցցես դու, որ աճեցրել ես գրպանի գրագիրների հսկայական բանակ, թեպետ ազգը այլ բանակ ունի և լավ կլիներ՝ դու նրան սնեիր, մեր փառավոր բանակին։ 
 
Նիկոլ, դու պիտի գնաս, այլ կարծիք լինել չի կարող։ Նրանք, ովքեր հիմա կկիսեն կարծիքս, արդեն իրենց անելիքը գիտեն, ովքեր կքարկոծեն՝ իմաստություն նրանց։ Միացյալ հայրենիք ու խաղաղություն բոլորիս։ Բոլորս գիտենք՝ ինչպիսին է քո վախճանը պատմության մեջ, իսկ ինչպիսին կլինի այն կյանքում՝ ընտրում ես դու։ Դու հայոց պատմությանը քաջածանոթ ես կարծեմ, գիտես մեր հերոսներին, անգամ նրանց ծննդյան օրերը, այլապես Մոնթեի տարեդարձի օրով չէիր հանձնի նրա արյուն-քրտինքով ազատագրած բնակավայրերը, ուրեմն գիտես նաև, որ հայ դատը չի լռում արյան իրավունքով և որ ժողովրդի դատաստանից խուսափել չես կարող։ Ես բոլորովին չէի ցանկանա, որ ուղիդ ավարտեիր՝ ինչպես տասնամյակներ շարունակ համաժողովրդական հարգանք վայելած Քադաֆին կամ Սադամ Հուսեյնը։
 
Ուրեմն՝ վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր այնպիսի՛ ուղիով, որ ազգը կարողանա առաջ ընթանալ։
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԿՀԳՄ անդամ, բեմադրիչ, դրամատուրգ