ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՆԽԵ՞Լ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՎԱՆԸ
«Գոտիները ձգելուն» հակակշիռ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշանակել է գլխավոր խորհրդական: Սոնա Ղարիբյանն ավարտել է Ճարտարագիտական համալսարանը: Ունենալով տեխնիկական կրթություն՝ Սոնա Ղարիբյանը հետաքրքիր ճանապարհ է անցել: 3 տարի եղել է բանկերի ասոցիացիայի գլխավոր հաշվապահ, ապա 10 տարի՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014 թթ. աշխատել է Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, իսկ 2015 թվականից՝ Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ:
2015-ը տհաճ տարի էր կառավարության նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի համար: Բանն այն է, որ նախկին վարչապետի անունը կասկածելի ճանապարհով ահռելի ունեցվածք դիզած պաշտոնյաների ցուցակում է: Դեռ նրան նախորդած վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ՎՊ-ը խոսեց գյուղացիական տնտեսություններին հատկացվող դոտացիոն դիզվառելիքիմասին, որի մեծ մասը Արարատի մարզում հատկացվել էր Հովիկ Աբրահամյանի բարեկամներին: Հովիկ Աբրահամյանն, իհարկե, պարզաբանել էր, որ իր բարեկամներն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ, հետևաբար նրանց ևս հասնում է դիզվառելիք:
Այս ֆոնի վրա հետաքրքիր է դառնում Սոնա Ղարիբյանի նշանակումը: Փաստորեն պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական է դառնում մեկը, ով աշխատանքի հարուստ փորձ ունի ֆինանսական վերահսկողության ոլորտում: Հետևաբար՝ նա կարող է պաշտպանական ոլորտի ֆինանսական հոսքերը վերահսկել, բայց ինչո՞ւ նախարարի խորհրդականի կարգավիճակով:
Ապրիլյան պատերազմից առաջ և հետո երկար խոսվեց բանակում կատարված չարաշահումների մասին, անգամ որոշ պաշտոնյաներ ձերբակալվեցին: Բնական է, որ եթե գոնե այսուհետ չլինի խիստ վերահսկողություն, ձերբակալությունները քարավանի նման երկար շարք կկազմեն: ՈՒ, թերևս, նաև սա կանխելու համար է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս քայլին դիմել:
Այսուհանդերձ՝ անպատասխան է մնում տրամաբանություն որոնող հարցը՝ ինչո՞ւ երկարամյա աշխատանքի փորձ ունեցող տիկինը, ով ակներևաբար վայելում է նախարարի վստահություժնը, չի նշանակվել ՊՆ դիցուք՝ ֆինվարչության, կամ վերահսկողության բաժնի պետ: Չէ՞որ պետական ապարատում ինչ-որ մեկին աշխատանքի տեղավորելու համար է հաճախ այդ խորհրդականների հաստիքներն ավելացվում: Իսկ դա բեռ է առանց այդ էլ՝ ճեղքված-ճողված մեր բյուջեի, հենց պաշտպանական գերատեսչության համար:
Եվ ընդհանրապես, պետական հիմնարկներում որքան շատ, նույնքան ինքնանպատակ ու ավելորդ չե՞ն խորհրդական, օգնական անվանյալ հաստիքները: Առավելևս հիմա, երբ գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը որդեգրել է «գոտիները ձգելու» աշխատելաոճը: