Հայ պաշտոնյաների և Կաթողիկոսի համար ողջամիտ չէ հակառակության մեջ լինել

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Կորոնավիրուսային համավարակի ժամանակ, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլում ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, և կաթվածահար է անում տնտեսությունն ու հասարակական կյանքը, Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում այս օրերի ամենամեծ հակասությունը դարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Բ-ի հայտարարությունը և Հայաստանի տարբեր պաշտոնյաների ու լրատվամիջոցների որոշ անդամների կոշտ արձագանքը։
 
Ցավոք, նման առճակատումն անսպասելի չէր։ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերած Թավշյա հեղափոխությունից ի վեր, Հայաստանում և Սփյուռքում լարված մթնոլորտ էր տիրում՝ կապված կառավարությանը սատարողների և դեմ արտահայտվողների հետ: Թեև քաղաքական հարցերում հակառակ կողմերում լինելու մեջ ոչ մի սխալ բան չկա, սակայն առճակատումն այնքան է թեժացել, որ հաճախ հնչում են փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ և նույնիսկ ֆիզիկական սպառնալիքներ, հատկապես սոցիալական ցանցերում։ Հայկական լրատվամիջոցներին ավելի վաղ տված մի հարցազրույցում ես հորդորել էի հայերին, որ չպետք է իրենց հետ անհամաձայն մարդկանց հետ վարվեն որպես թշնամիների․․․ Ես ասել էի, որ «մենք կարող ենք անհամաձայն լինել՝ առանց անհաճո լինելու»։
 
Հասկանալի է, որ հայերի մեծ մասը նախորդ ղեկավարներին դիտել է որպես հարստահարողներ, որոնց անարդար կառավարման ներքո հայ ժողովուրդը խիստ տուժել է։ Հարյուր հազարավոր հայեր գաղթել են Ռուսաստան, Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա ոչ միայն տնտեսական դժվարությունների, այլև սոցիալական անհավասարության պատճառով: Հետևաբար, ինչ-որ չափով բնական է, որ հայերի մեծ մասը նման բացասական զգացումներ տածեր նախորդ վարչակարգերի նկատմամբ:
 
Այնուամենայնիվ, ես հայերին առաջարկում եմ կենտրոնանալ Հայաստանի տնտեսության վերականգնման վրա, այլ ոչ թե համակվել ատելությամբ իրենց մնացած ողջ կյանքի ընթացքում։ Նրանք, ովքեր հարստացել են պաշտոնական դիրքի չարաշահմամբ, պետք է կանգնեն դատարանի առջև և արժանի պատիժ ստանան իրենց կատարած հանցանքների համար։
 
Անդրադառնալով ներկայիս վեճի վերջին դրվագին՝ Գարեգին Բ Կաթողիկոսն անցյալ շաբաթ հայտարարություն հրապարակեց «Նյուս․ամ» կայքում՝ առաջարկելով փոփոխել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ահա Կաթողիկոսի հայտարարության տեքստը․
 
«Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։ Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
 
Հաջորդ օրը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց հետևյալ կոշտ պատասխանը Կաթողիկոսին.
 
«Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը: Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: 
 
Կաթողիկոսին արձագանքեց նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա կտրուկ հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը մտադրություն չունի մեկնաբանել Վեհափառի «հույսերն ու ցանկությունները»։ Մամուլի խոսնակը հիշեցրեց նաև, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երաշխավորագիր էր ներկայացրել գործարար Սամվել Մայրապետյանի համար, որ նա ազատվի բանտից Գերմանիա բուժման մեկնելու համար, իսկ հետո վերադառնա Հայաստան, սակայն 2019 թ․ հունվար ամսից նա դա չի արել։
 
Իրավիճակն ավելի բարդացավ, երբ անցյալ շաբաթ Հայ Առաքելական Եկեղեցու Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը Հայաստանի կառավարության կողմից մեղադրվեց խարդախության և փողերի լվացման մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը [ԱԱԾ] հայտարարեց, որ արքեպիսկոպոս Կճոյանը գաղտնի համաձայնության է եկել մի հայ գործարարի հետ՝ երրորդ անձի նկատմամբ խարդախություն անելու համար։ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Կճոյանին է պատկանել օֆշորային ընկերության 33 տոկոսը: Արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը հերքեց այդ մեղադրանքը։
 
Էջմիածինն արձագանքեց՝ կոչ անելով պետական պաշտոնյաներին և լրատվամիջոցներին հարգել արքեպիսկոպոս Կճոյանի անմեղության կանխավարկածը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը նաև «տարակուսելի» է համարում, որ ԱԱԾ-ն մեղադրանքների մասին հայտարարեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը կոչ արեց փոփոխել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Մի շարք բարձրաստիճան հոգևորականներ նույնպես քննադատեցին այն պաշտոնատար անձանց, որոնք հարձակվել էին Կաթողիկոսի վրա:
 
Հուսով ենք, որ փոխադարձ մեղադրանքները կդադարեն, երբ հայերն ավելի հարգալից վերաբերմունք դրսևորեն յուրաքանչյուրի խոսքի ազատության նկատմամբ՝ առանց վիրավորելու նրանց, որոնք համաձայն չեն իրենց հետ։ Այն ժամանակ, երբ համավարակը  շատ անմեղ կյանքեր է խլում, և Հայաստանի տնտեսությունը վտանգված է, ավելի խելամիտ կլինի կենտրոնանալ մեր ազգի առջև ծառացած լրջագույն խդիրների լուծման վրա։
 
 
Եզակի առցանց քայլարշավ Ապրիլի 24-ին
 
Քանի որ շատ երկրներում արգելված են հանրահավաքները,  HyeID  հասարակական  կազմակերպությունն առաջարկում է այս տարի Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու եզակի միջոց՝ առանց ձեր տներից դուրս գալու։  
 
Ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում խնդրում ենք այցելել April24.hyeid.org ինտերնետային կայքէջը և սեղմել «միանալ» կոճակը՝ ցույց տալով ձեր համաձայնությունը հետևյալ հայտարարությանը․ «Մենք ստիպված ենք մնալ տանը այս Ապրիլի 24-ին, բայց մենք միանում ենք առցանց քայլարշավին․․․Մենք Արդարություն ենք պահանջում 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանության համար»։ Ձեր համաձայնությունը կցուցադրվի էկրանին պատկերված աշխարհի քարտեզի վրա՝ նշելով յուրաքանչյուր երկրում առցանց քայլարշավին միացած մարդկանց թիվը:
 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի