ԳՈՒՑԵԵՎ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ

Դեպի ո՞ւր են առաջնորդում չտրորված արահետները

Թրամփի Ամերիկան, ինչպես երևում է, թոթափում է բազմաթիվ կարծրացած սովորություններ և փորձում իր ճանապարի որոշ մասն անցնել չտրորված արահետներով: Օրինակ, օրերս լրատվամիջոցները հրապարակեցին, որ իր կառավարման 100 օրում Դոնալդ Թրամփն անհամեմատ ավելի շատ հրամանագրեր է ստորագրել, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ: Իսկ այդ հրամանագրերից որոշներն այնքան աղմկահարույց էին, որ նորընտիր նախագահի վարկանիշը կտրուկ անկում ապրեց:

Այժմ էլ Թրամփը որոշել է խնայողություններ անել՝ տարբեր երկրների տրամադրվող ֆինանսական օգնությունները կրճատելով: Շատ ժամանակ չի անցել, ինչ ԱՄՆ նախագահը հռչակեց նոր կարգախոսը, ըստ որի ամենրիկացիները պետք է աշխատանքի ընդունեն ամերիկացիներին, գնումներ անելիս էլ նախապատվությունը տան ամերիկյան արտադրանքին: 
 
Այստեղ նույնպես զարմանալի բան չկա: Սակայն մի փոքր անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ը տարբեր երկրների ամենամյա օգնություն տրամադրում: Ժողովրդական ասացվածքները երբեք չեն սխալվում, իսկ դրանցից մեկն ասում է՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Թակարդի բնույթն էլ, թերևս, յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում յուրահատուկ է: 
 
Բյուջետային փաստաթղթերից ու աղբյուրներից բխում է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է երկրից դուրս տրամադրվող դրամական աջակցությունը կրճատել, իսկ Միջազգային զարգացման գործակալությունը միացնել Պետքարտուղարությանը, ներկայացրել է «Foreign Policy»-ը: Եթե այդ փոփոխություններն արվեն, ապա 2018թ. Հայաստանին տրամադրվող օգնությունը, օրինակ, կնվազի 77,3 տոկոսով, Ուկրաինայինը՝ 68,8, Մոլդովայինը՝ 47,4, Վրաստանինը՝ 41,1: Իսկ ահա Ադրբեջանին ու Բելառուսին մտադիր չեն որևէ գումար տրամադրել: Ադրբեջանն ու Բելառուսը, հաստատ, շատ կտխրեն, չէ՞ որ ավելորդ պատառը փոր չի ծակում: Հետո էլ ինչ իմանաս՝ վերը նշված ասացվածքը նրանք լսե՞լ են արդյոք:
 
Իսկ ահա ներկայացված ցուցակը գլխավորող Հայաստանը, թերևս, չպետք է շատ տխրի: Չէ՞ որ սա նաև կարող է նշանակել, որ ԱՄՆ-ը թուլացնում է մեր բաժին թակարդի կապանքները: ՈՒ մեզ կմնա՝ այնպես զարգացնել մեր տնտեսությունը, որ ԱՄՆ-ի խնայած գումարները բազմապատիկ փոխհատուցվեն: Այսօր կառավարական և այլ մակարդակներում բազմաթիվ ուշագրավ ծրագրեր են շրաջանառվում, և եթե իսկապես գործի կպչենք, ուրիշների օգնության գումարները մեր հաշվից դուրս կնետենք: