Հայ փախստականների տունդարձի իրավունքի միջազգայնացման հրամայականը

Բաքվի կողմից Ղարաբաղի ադրբեջանական համայնքի բանակցություններին ներգրավման մասին կատարվող բարձրաձայնումները հակադարձություն են պաշտոնական Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի հայկական կողմի առաջադրանքին:
 
Փախստականների հարցը թեժ պահելու Բաքվի քաղաքականությունը պատմություն ունի: Այն ուղղված չէ միայն միջազգային ընտանիքին՝ ուշադրություն գրավելու, մարդասիրական զանազան ծրագրերից օգտվելու և միջազգային հանրային կարծիքի վրա զգայուն ալիքներ հաղորդելու համար:
 
Ուրեմն, ըստ ԵԱՀԿ 1992 թ. մարտի  24-ի Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են ՀՀ-ն, Ադրբեջանը, ինչպես նաև ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչներ: «Այլ»  ձևակերպումը Բաքուն շահագործում է իր շահերից բխած մեկնաբանություններ հրապարակայնացնելով:
 
Երկրորդ. ՀՀ-ն և Արցախը երբեք չեն ընդունել ԼՂ ադրբեջանական համայնք ձևակերպումը, թեև այդ համայնքի ներկայացուցիչները 1994-97 ժամանակահատվածում միշտ անուղղակի ձևով ներկայացվել են բանակցություններին։ Այդ ներկայությունը եղել է ադրբեջանական պաշտոնական պատվիրակության մաս կազմելով: Իբրև անկախ միավոր, ղարաբաղաադրբեջանական համայնքը երբեք չի մասնակցել որևէ բանակցության: 
 
Ադրբեջանը երբեք չի ընդունել ԼՂ-ի բանակցային կողմ լինելը, թեև 1994-97-ին բանակցել է եռակողմ ձևաչափով:
 
Ադրբեջանի մարտավարությունը եղել է այն, որ կա՛մ  բանակցում են  ՀՀ-ն և Ադրբեջանը, հետևաբար` ԼՂ հարցը տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ։ Կա՛մ, եթե ՀՀ-ն խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին, ապա ԼՂ-ում կա երկու համայնք:
 
Հայկական կողմի մեկնաբանությունը` ղարաբաղաադրբեջանական համայնքը բանակցային ձևաչափին չներառելու առումով քաղաքականորեն ընկալելի է: Այդ կարգավիճակը ունեցող ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի ընտրություններին․ հետևաբար բանակցող Ալիևը ներկայացնում է նաև իրենց։
 
Այժմ ղարաբաղաադրբեջանական համայնքի անունով Թուրալ Գյանջալիևը, որը ներկայանում է իբրև այդ համայնքի նախագահ, միջազգային ընտանիքի անուղղակի հասցեագրված ուղերձներ է հրապարակում, թե իրենք պատրաստ են հայերի հետ խաղաղությամբ գոյակցել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում  հակարմարտության լուծումից հետո։
Ադրբեջանը փորձում է լիարժեք օգտագործել փախստականների տունդարձի իրավունքի սկզբունքը, Ստեփանակերտի բանակցային սեղանի միացման առաջադրանքին հակադրելով  փախստականների միավորի մասնակցության անհրաժեշտությունը: Մինչդեռ փախստականների տունդարձի խնդիրը չի կարող միակողմանի բնույթ ունենալ: Անկախ նրանից, որ բանակցային կետերի այս հարցը ներառված է տարբեր փաստաթղթերում՝ մադրիդյան, նորացված մադրիդյան, կազանյան, լավրովյան, թե ԵԱՀԿ-ի տարբեր հայտարարություններում:
 
Ադրբեջանից և հյուսիսային Արցախից բռնատեղահանված կամ ուղղակի Բաքվի կազմակերպած ջարդերից փախած հայ փախստականների թղթածրարը միջազգայնացման բոլոր նախադրեալներն ունի:
 
Հայկական կողմը բոլոր պատճառները ունի միջազգային տարբեր ատյաններում աշխուժորեն արծարծելու հայ փախստականների տունդարձի իրավունքը՝ որպես Բաքվի ջարդարար քաղաքականության հետևանք: Եվ այդ հարցի արծարծմանն առընթեր՝ բարձրացնելու Արցախի բռնագրավված տարածքներն Արցախի Հանրապետությանը վերակցման առաջադրանքը:
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր