ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԵՐԸ

Երկու հինավուրց երկիր՝ աշխարհաքաղաքական նոր միջավայրում

Հնդկաստանի փոխնախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել: Մոհմմադ Համիդ Անսարին ապրիլի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, հանդիպումներ ունեցել ՀՀ նախագահի և վարչապետի հետ, կարևոր հայտարարություններ արել: Նա նշել է, թե իր երկիրը մեծ հնարավորություններ ու ծրագրեր ունի և պատրաստ է Հայաստանը ներգրավել դրանց մեջ:
 
Խոսքը վերաբերում է տարատեսակ ոլորտների՝ ճարտարագիտությանը, մեքենաշինությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, առողջապահությանն ու դեղագործությանը, գյուղատնտեսությանը և այլն: 
 
Անասարը մի ուշագրավ դիտարկում է արել՝ ասելով, թե Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով զգալի նշանակություն է ձեռք բերել, Հնդկաստանն էլ կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Այսօր ՀՀ կառավարությունը իր գործունեության սյուներից մեկը համարում է ներդրումային քաղաքականությանը, և ահա Հնդկաստանի փոխնախագահը հայտնել է իր երկրի պատրաստականմությունը՝ ներդրումներ անել իր երկրից դուրս, այդ թվում՝  Հայաստանում: ՀՀ նախագահիի հետ հանդիպմանն էլ Անսարը փոխանցել է իր երկրի նախագահի հրավերը՝ պաշտոնական այցով լինել Հնդկաստանում:
 
Որքան էլ Հայաստանի և Հնդկաստանի միջև հսկայական տարածություն է ընկած, այս երկու հինավուրց երկրներ կապը հազարամյակնների ընթացք ունի: Միայն 20-րդ դարում գաղութարար Մեծ Բրիտանիայից իր անակախությունը վերանվաճած Հնդկաստանն այսօր տարածաշրջանի կարևորագույն երկրներից է և զարգացման մեծ հեռանկարներ ունի: Թշնամի երկրներով շրջապատված Հայաստանի համար, անշուշտ, կարևոր են հարաբերությունները  ցանկացած բարեկամական երկրի հետ:
 
Շատերը կասեն՝ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Դա ժխտել հնարավոր չէ, սակայն միշտ չէ, որ պետք է գործունեության հիմքում դրվի: Հնդկաստանի հնագույն մշակույթում, որը կարողացել է իր բազմաթիվ համակարգեր ու սկզբունքներ մինչև 21-րդ դար հասցնել, հայերին առնչվող բազմաթիվ իրողություններ են առկա: Բավական է միայն նշել, որ վերջին հետազոտությունները պարզել են՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներ համարվող սանսկրիտի (Հնդկաստանի հին գրական լեզուն) և հայերենի միջև 5000 ընդհանուր արմատ կա: Ոչ թե բառ, այլ ընդամենը արմատ: Սա մի ամբողջ լեզվի բառապաշար է և չի կարող պարզապես նույն ծագումն ունենալու հետևանք լինել: 
 
Մինչև այժմ Հայաստանի արևելաասիական հարաբերությունները Միջին Ասիայի երկրներից այն կողմ չէր անցնում (իսկ նրանց դժվար է բարեկամ անվանել), միայն երբեմն Չինաստանի անունն է շոշափվում: Այս տեսանկյունից Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է: Աշխարհաքաղաքական խաղերում շատ երկրներ իրենց շահերն ուզում են կառուցել Մետաքսի ճանապարհին նոր կյանք հաղորդելով, իսկ հնում դրա հիմնական անկյունաքարերը Հայաստանն ու Հնդկաստանն են եղել: Երևի այս տեսանկյունից նույնպես Հնդկաստանի հետ աշխուժացող հարաբերությունները, հաշվարկված կառուցելու պարագայում, կարող են երկու երկրին օգուտ բերել և նոր կշիռ հաղորդել: