ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐԿ Է ՍԻՐԵԼ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՑՈՒՆ
Ով ինչ է խոստանում ու ինչ գնով
Երեկ մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին քաղաքապետի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մատնանշեցին իրենց համար կարևոր խնդիրները: Դրանցից երկուսը վերաբերում էր քաղաքի խնդիրներին, իսկ մյուսն ավելի շատ քաղաքական էր: Խոսքը Զարուհի Փոստանջյանի՝ քաղաքապետարանում կոռուպցիան վերացնելու մասին է: Ի տարբերություն նրա՝ ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը, իսկ Փաշինյանը՝ ավելացնել մետրոյի 3 կայարան:
Արդյո՞ք խոստումներն իրատեսական են: Եթե գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտե տրանսոպորտի խնդրի լուծման ճանապարհը, ինչո՞ւ դա չի արել մինչ այս ընտրությունները՝ իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում: Իհարկե երևանցին չի մոռացել հանրային տրանսպորտի նկատմամբ նրա մակ մտահոգությունը՝ 50%-ով ուղեվարձը թանկացնելու փորձը, ինչը, բարեբախտաբար, անփառունակ վախճան ունեցավ: Այդ քայլը նաև «լակմուսի թուղթ» էր դարձավ՝ փաստելով, որ քաղաքացիական հասարակության գոնե սաղմը ձևավորվել է:
ՈՒ եթե նրա նախընտրական այս խոստումը նախորդ սցենարի կրկնությունն է լինելու, ապ Տերը մի արասցե, որ վերստինվերընտրվելով՝ նորից անվճարունակ երևանցու գրպանի հաշվին ծրագիր իրագործի: Այո՛, անվճարունակ երևանցու, որովհետև ո՞ր հարուստն է հանրային փոխադրամիջոցներով երթևեկում:
Զարուհի Փոստանջյանի խոստումն էլ հավատընծա չէ, քանի որ «Երկիր Ծիրանի» կուսակցությանղեկավարը չի մատնանշում կոռուպցիայի դեմ պայքարի հստակ ուղիները: Միայն չարչրկված ասֆալտապատման ոլորտը մատնանշելը համոզիչ չէ, քանի որ կոռուպցիան «ծաղկում»է նաև այլ ոլորտներում՝ կանաչապատում, ծաղկապատում, հողաբաշխում: Պատահական չէր, որ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ևհողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանին: Տեղին է հիշել ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Գուրգեն Եղիազարյանի բնութագրումը.
- Բարձրացրե՛ք ծաղիկները և տեսեք՝ իրականում դրանց տակ ինչ է կատարվում:
Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստմանը, ապա հանուն արդարության ասենք, որ քաղաքի զարգացման հեռանկարում մետրոյի կայարանների թիվն ավելացնելու ծրագիրը, թերևս ամենաառաջնահերթերից է Երևանի համար: Պարզապես այն մինչ այժմ չի արվել՝ անբավարար միջոցների պատճառով, իսկ Նիկոլ Փաշինյանը գուցե գիտե, թե ինչ ծախսերի կրճատման հաշվին հնարավոր կլինի ընդարձակել մետրոպոլիտենը:
Այնպես որ, երեք քաղաքական ուժերի համար դյուրին չի լինելու համոզել ընտրողներին՝ նրանց քվեն ստանալու համար:
Ի դեպ. իշխանական քարոզչամեքենան, հավանաբար, իրեն միակ մրցակից համարելով Ելք-ին, շրջանառության մեջ է դրել երևանցի-ոչ երևանցի բաժանումը: Որպես առավելություն՝ Տարոն Մարգարյանի համար նշում են Երևանում ծնված լինելու հանգամանքը՝ Փաշինյանին համարելով մարզաբնակ, ով լավ չի պատկերացնում քաղաքի խնդիրները: Սակայն արժե «թարմացնել» այսպես կարծողների հիշողությունը և հարցնել՝ իսկ Հայաստանում բոլոր բարձր պաշտոններ ստանձնածնե՞րն են երևանածին: Եթե այո, ապա ինչու են այսքան «հոգատար»ու «սրտացավ»քաղաքի ու երկրի հանդեպ: Այս առումով շատ դիպուկ էր մի մտավորականի պատկերավոր համեմատությունը, որ պատվավոր երևանցու կոչմանն են արժանանում մարդիկ, ովքեր անգամ իրենց գյուղում պատիվ չունեն: Հետեւաբար, «աչոկներ»հավաքելու համար սա, թերևս, չաշխատող տարբերակ է: